Օրերս Ադրբեջանից Եվրոպա են գաղթել Իլհամ Ալիեւի վարչակարգին հակառակորդ, Բաքվում աշխատող երկու լրագրողներ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, modern.az լրատվական կայքը հայտնում է, որ նրանցից մեկը «Բիզիմ յոլ» թերթի աշխատակից Իդրաք Աբբասովն է: Նա նաեւ Ռեպորտյորների ազատության եւ անվտանգության ինստիտուտի (RATI) աշխատակից է: Ի.Աբբասովի աշխատանքային ընկերները հաստատել են «Բիզիմ յոլ»-ից նրա հեռանալու փաստը, սակայն, չեն կարողացել հայտնել, թե կոնկրետ որ եվրոպական երկրում է գտնվում:

 

Եվրոպա գաղթած մյուս լրագրողը ժամանակ առաջ փակված «Այնա-Զերկալո» թերթի աշխատակից, միեւնույն ժամանակ Լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի ղեկավար Ջասուր Սումերենլին է: Նրա ընկերները հայտնել են, որ Ջ.Սումերենլին եւս մեկնել է եվրոպական երկիր:

 

Modern.az-ն ավելի վաղ հայտնել էր, որ օրերս Ադրբեջանից Եվրոպա են գաղթել նաեւ «Ազադլըգ» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի երկու աշխատակիցներ' Աբբաս Աթիլայը եւ Մաարիֆ Չինգիզօղլուն:

 

Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունն էլ հայտնել է, որ վերջին ամիսներին Ադրբեջանից առնվազն 7 ԶԼՄ-ների աշխատակիցներ եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ովքեր չեն հաշտվում Ալիեւի վարչակարգի հետ, քաղաքական ապաստան են խնդրել Արեւմուտքում:

 

Ըստ գործակալության' ապաստան խնդրած անձանց մեջ կան նաեւ Ադրբեջանում ձերբակալված ԶԼՄ-ների աշխատակիցների ընտանիքի անդամներ: