Երևանի և քույր քաղաքների միջև համագործակցության ծրագրի շրջանակում վարչական շրջանների միջև գործընկերային կապերին և համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել աշխատանքային այցով ՌԴ հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում գտնվող' Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի և Սանկտ Պետերբուրգի ասիլեօստրովսկի վարչական շրջանի ղեկավար Յուլիա Կիսելյովայի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում:

 

Հանդիպմանը ներկա է եղել նաև Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոս Հրայր Կարապետյանը: Կողմերը քննարկել են վարչական շրջանների միջև գործընկերային կապերի ընդլայնման ներուժն ու նախանշել այն հիմնական ոլորտները, որոնց ուղղությամբ արդեն մոտ ապագայում առավել գործնական քայլեր կձեռնարկվեն: Հրայր Անտոնյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խիստ կարևորում է նմանատիպ հանդիպումները' գործընկերային կապերի ամրապընդման և ընդլայնման համատեքստում:

 

Այցի շրջանակում տեղի ունեցել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ՌԴ հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգի Վասիլեօստրովսկի վարչական շրջանի կենտրոնական մասում հայկական խաչքարի բացման հանդիսավոր արարողությունը: Այն, ի դեպ, առաջին խաչքարն է ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում և, ինչպես նշել են արարողության մասնակիցները, այն ինքնատիպ ուխտատեղի կդառնա հատկապես տեղի հայության համար:

 

Խաչքարի բացման պատիվը վերապահվել է Վասիլեօստրովսկի վարչական շրջանի ղեկավար Յուլիա Կիսելյովային և Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանին:

 

Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոս Հրայր Կարապետյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ այգին, որտեղ տեղադրվել է խաչքարը, շուտով կվերանվանվի ու կկոչվի Երևանյան, իսկ խաչքարի հարևանությամբ արդեն հաջորդ տարի կտեղադրվի մեծն Կոմիտասի հուշարձանը: