Հայաստանի Ջերմուկ քաղաքը զարգացնելու և դրա զբոսաշրջային ներուժը բարձրացնելու համար հայ և ֆրանսիացի ուսանողները նախագծեր են մշակել: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Լիոնի ճարտարապետական դպրոցի համագործակցության արդյունքում ծնունդ առած նախագծերը ներկայացնում են ճարտարապետական այն լուծումները, որ կարող են Ջերմուկը դարձնել ավելի արդիական և հարմարավետ:

 

Նախագծերի ներկայացման ժամանակ ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը տեղեկացրեց, որ ուսանողները և դասախոսները միասին կատարել են լայնածավալ աշխատանքներ' ուսումնասիրելով Ջերմուկ քաղաքի առանձնահատկությունները: «Այս աշխատանքները երկկողմանի համագործակցության լավ օրինակ են, երբ ֆրանսիական փորձը հայ ուսանողների միջոցով ծառայեցվում է Ջերմուկի զարգացմանը: Հույս ունեմ, որ ուսանողական նախագծերը մի օր իրականություն կդառնան : Դրա համար բոլորս պետք է հետևողական լինենք և մեր ներդրումը ունենանք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց նա:

 

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը համոզմունք հայտնեց, որ երիտասարդների համատեղ աշխատանքից է սկսվում ժողովուրդների բարեկամությունը և վստահեցրեց, որ ֆրանսիացի մասնագետների փորձը լավ օրինակ է Հայաստանի երիտասարդ ճարտարապետների համար:

 

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան համագործակցության և մշակույթի հարցերով խորհրդական Ժան Միշել Կասպարյանի խոսքով' Հայաստանի երկրորդական քաղաքների զարգացումը պետք է լինի առաջնային, քանի որ դրանք մեծ ներուժ ունեն զբոսաշրջիկներին գրավելու համար:

 

«Ուսանողների աշխատանքների շնորհիվ ես Ջերմուկի մասին ավելի շատ բան իմացա և հիմա կկարողանամ իմ հյուրերին ուղեկցել Ջերուկ և պատմել այդ քաղաքի մասին: Ես մի քիչ տատանվում էի' արդյոք երազա՞նք են այս նախագծերը, թե իրատեսական, սակայն համոզված եմ, որ այս քաղաքը մեծ պոտենցիալ ունի»,- ասաց Կասպարյանը:

 

Ճարտարապետների միությունում կազմակերպվել էր նաև ցուցահանդես «Ջերմուկ առողջարանային և զբոսաշրջային քաղաքի զարգացման հեռանկարները» թեմայով, որին ներկայացված էր 7 նախագիծ' 4-ը Լիոնի և 3-ը հայկական բուհի կողմից: Նախագծերը բացահայտում էին ֆրանսիացի և հայ ճարտարապետների տեսլականը Ջերմուկ քաղաքի զարգացման հեռանկարների վերաբերյալ: