Վատիկանի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ, ԵՊՀ պատվավոր դոկտոր, կարդինալ Ջանֆրանկո Ռավազին հոկտեմբերի 27-ին կայցելի Հայաստան:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, այցի ընթացքում Վատիկանի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահը կլինի Էջմիածնում և կհանդիպի Նաթան Սրբազանի հետ, ինչպես նաև կայցելի «Գաֆեսճեան» արվեստի կենտրոն և Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան:

 

ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ հոկտեմբերի 27-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում կկայանա կարդինալ Ջանֆրանկո Ռավազիի հանդիպումը Երևանի պետական համալսարանի գիտխորհրդի անդամների և ուսանողության հետ:

 

Հանդիպման ընթացքում տեղի կունենա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ. քրիստոնեության ընդհանուր ժառանգություն» խորագրով ցուցահանդեսի կատալոգի հայերեն և ռուսերեն թարգմանությունների ներկայացումը: