Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, թե հնարավոր է համարում իրանական միջուկային հարցի շուրջ միջազգային միջնորդների «վեցյակի» հետ համաձայնության ձեռքբերումը ավելի վաղ սահմանված ժամկետում՝ մինչեւ նոյեմբերի 24-ը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ռոուհանին ընդգծել է, որ «վեցյակի» հետ համաձայնության հասնելը դյուրին չէ, բայց այդ նպատակն իրագործելու ուղղությամբ «լավ քայլեր են արված»: Բացի այդ, նրա խոսքով, «ձեռք բերված փորձը ցույց է տալիս, որ համաձայնություն կարելի է հասնել», հոկտեմբերի 23-ին հաղորդել է ԻՌՆԱ իրանական գործակալությունը:

 

Հոկտեմբերի 22-ին փորձագետների մակարդակով Վիեննայում իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ են սկսվել Թեհրանի եւ միջազգային միջնորդների «վեցյակի» միջեւ: 

 

«Վեցյակի» եւ Իրանի կոնսուլտացիաների նախորդ՝ թվով ութերորդ փուլը կայացել Է հոկտեմբերի 16-ին Վիեննայում: Այն դարձել Է ամենակարճը: Կողմերը (Ռուսաստան, ԱՄՆ, ՉԺՀ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա եւ Իրան) խորհրդակցել են շուրջ վեց ժամ եւ ընդհանուր լիագումար նիստ անցկացրել բանակցությունները համակարգողի՝ ԵՄ-ի արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի ղեկավարությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: