Ադրբեջանի իշխանության ներսում արեւմտամետների եւ ռուսամետների միջեւ դիմակայություն է ստեղծվել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադըգ» թերթը գրում է, որ Արեւմուտքի եւ ադրբեջանական իշխանության միջեւ հարաբերությունների լարվելու պատճառը երկրի նախագահ Իլհամ Ալիեւի հետադիմական քաղաքականությունն է: Ադրբեջանում գործող արեւմտյան կազմակերպությունների, տեղական իրավապաշտպանների դեմ, հատկապես, վերջին մեկ տարում իրագործվող բռնաճնշումներին Եվրոպան պատասխանեց խիստ տոնով: Բանը հասավ այֆտեղ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բացահայտ կերպով հայտարարեց, որ Ադրբեջանում մարդու իրավունքները ոտնահարվում են: Դրանից հետո Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը եւ Freedom House կազմակերպության ղեկավար Դեւիդ Կրամերը Արեւմուտքին կոչ արեցին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի իշխանության դեմ, եւ Արեւմուտքն էլ, ինչպես երեւում է, Ադրբեջանի իշխանությանը սանձելու համար օգտակար է կարծում պատժամիջոցները:

 

Ըստ թերթի' այդ բոլորը համընկան այն պահի հետ, երբ Իլհամ Ալիեւը Ռուսաստանի հետ սերտ համագործակցության մեկնարկ տվեց: Նույնիսկ այն մակարդակի, որ Ալիեւը Ադրբեջան հրավիրեց ադրբեջանցիներին ազգ չհամարող Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկուն եւ անձամբ ընդունեց նրան: Ալիեւի այդ ռուսամետ ժեստերը ուժեղացրեցին ադրբեջանական իշխանության մեջ ռուսամետների դիրքերը, իսկ արեւմտամետներիինը' թուլացան:

 

Թերթի կարծիքով' Արեւմուտքի կողմից պատժամիջոցների օրակարգ բերվելն ու իշխանության հետ խիստ տոնով խոսելը փոքր- ինչ փոխել են իրավիճակը: Ինչպես երեւում է' արեւմտամետներին վերջապես հաջողվել է երկրի ղեկավարին հավատացնել, որ Արեւմուտքի հետ առճակատումը կարող է ցավալի արդյունքներ ունենալ: Նրանք Ալիեւին խորհուրդ են տվել Արեւմուտքի հետ հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու համար գոնե իմիտացիոն բնույթի քայլեր կատարել: Ենթադրվում է, որ օրերս շտապ կերպով 4 քաղբանտարկյալների ազատելը, քաղբանտարկյալների հարցերով Աշխատանքային խմբի ստեղծումը եւս այդ իմիտացիոն բնույթի քայլերի բաղկացուցիչ մասերն են:

 

«Ըստ տեղեկությունների' Իլհամ Ալիեւի պատժամիջոցների վախը քննարկվել է Արեւմուտքի հետ աշխատող կողմի նախաձեռնությամբ: Իսկ սա բոլորովին էլ ռուսամետների սրտով չէ: Իշխանության մեջ մեծ ուժ հանդիսացող ռուսամետները մրցակիցներին դարձյալ նեղելու համար որոշակի քայլեր են կատարում: Օրինակ, Եվրոպայի Խորհրդի հանձնակատար Նիլս Մուժնիեկսի' այցով Բաքվում գտնվելու ժամանակ Լեյլա Յունուսի եւ Ինթիգամ Ալիեւի կալանման ժամկետը երկարաձգվել է: Բացի այդ, իշխանական «Ազերբայջան» թերթի երեկվա համարում ԱՄՆ-ի դեմ ընդարձակ հոդված է հրապարակվել:

 

Ասվում է, որ դա բոլորովին էլ պատահական չէ: Ներիշխանական աղբյուրները այդ հակասությունը գնահատում են որպես Արեւմուտքի հետ աշխատող կողմին ռուսամետների հասցրած հարված: Նրանց կարծիքով, Ադրբեջանի իխանության ներսում ռուսամետների եւ արեւմտամետների միջեւ հակամարտությունը գնալով ավելի կխորանա», -գրում է թերթը: