Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւը հանդես է եկել մի շարք անկեղծ հայտարարություններով, որոնք վկայում են իշխանությունների լուրջ ձախողումների մասին: Մասնավորապես, նա խոստովանել է լուրջ կադրային ճգնաժամի առկայությունը եւ երկրի պետական հաստատություններում մասնագետների ցածր մակարդակը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը' նշելով, որ Մեհտիեւն իշխանությունների ձախողումների մասին խոսել է հոկտեմբերի 25-ին' Ադրբեջանի նախագահին կից Պետական կառավարման ակադեմիայի հոբելյանին ունեցած ելույթում:

 

Հետաքրքիր է, որ ակադեմիայի ռեկտոր Ուրխան Ալեքբերովը ելույթում հայտնել է կադրերի պատրաստման ոլորտում եղած «մեծ նվաճումների» մասին, իսկ Մեհտիեւը' որակյալ մասնագետների դեֆիցիտի մասին:

 

«Պետք է բացահայտ խոստովանել, որ ե՛ւ Նախագահի աշխատակազմը, ե՛ւ նախարարությունները, ե՛ւ տեղական իշխանության կառույցները բախվել են լուրջ կադրային ճգնաժամի խնդրի: Մենք բոլորս պատրաստված կադրերի կարիք ունենք, որոնք ծանոթ լինեն ժամանակակից կառավարման նրբություններին, եւ պետք է խոստովանենք, որ դժվարություններ ունենք բարձր պահանջների համապատասխանող կադրերի որոնման մեջ: Անձամբ ինձ, որպես աշխատակազմի ղեկավարի, ոչ մի կերպ չի բավարարում Նախագահի աշխատակազմի կադրային ռեզերվը», -ասել է նա:

 

Մեհտիեւը քննադատել է նաեւ դպրոցների շրջանավարտների ցածր մակարդակը' չնայած պետության կողմից կրթության նյութատեխնիկական բազայի ողղությամբ կատարվող ահռելի ներդրումներին:

 

«Անգրագիտությունը, որը հաղթահարվել է 70 տարի առաջ, կարծես նորից վերադառնում է մեր կյանք», -նշել է նա: