Վատիկանի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ, կարդինալ Ջանֆրանկո Ռավազին վստահ է' Հայոց ցեղասպանության մասին գիտեն ու հիշում են ոչ միայն հայերը, այլև ողջ մարդկությունը: «Հաջորդ տարի ամբողջ աշխարհը կնշի մեծ արհավիրքի' Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Երիտասարդ տարիներից ես տեղյակ եմ եղել հայ ժող ովրդի նկատմամբ այս ահավոր ողբերգության մասին Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» ստեղծագործության միջոցով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց Ջանֆրանկո Ռավազին հոկտեմբերի 27-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում կայացած հանդիպման ժամանակ:

 

Հարցին ի պատասխան, թե արդյոք նա ներկա կգտնվի 2015-ի ապրիլյան միջոցառումներին' կարդինալը նշեց, որ դեռ հստակ չգիտի, բայց ուր էլ լինի, հիշելու է պատմության մեջ իր հետքը թողած ողբերգության մասին: «Քիչ առաջ խոսում էի ձեր վարչապետի հետ, կա ցանկություն ձեր կողմից, որ Հռոմի պապը գա Հայաստան, հնարավոր է Կաթոլիկ եկեղեցու կողմից համերաշխության, եղբայրության կոչ լինի: Ուրախ եմ, որ ոչ միայն հայությունն է հիշում այդ ողբերգությունը, այլև ողջ մարդկությունը: Չգիտեմ' ես որտեղ կլինեմ այդ ժամանակ, բայց ես այդ պահը կհիշեմ: Կարևոր է, որ երիտասարդները ևս հիշեն, թե ինչ է նրանց հետ կատարվել, որպեսզի չլինի ինքնության կորուստ, քանի որ սպանելով ինքնությունը, սպանում են ազգին»,-ընդգծեց կարդինալ Ռավազին:

 

Նա հիշեց նաև Դանիել Վարուժանի «Հացին երգը» բանաստեղծությունը, որում կարդինալը տեսնում է հայ ազգի ձգտումը նորից ապրելու և արարելու: «Բանաստեղծության մեջ նկարագրված է, որ քամին անցնում է հացահատկի, խաղողի դաշտերի միջով, բայց այս քամին, իհարկե, ուղղակի մթնոլորտային քամի չէ, այլ Աստծո շունչն է, որը պետք է այս հողը բերրի դարձնի: Ասվում է, որ փչում են քամիները, հացահատկի սերմերը հողի միջից քաղցրորեն վեր են բարձրանում և նրանց արանքով վազում է մի մեծ հոսանք: Բնականաբար, սերմերը մարդիկ են, ովքեր արմատներ են ձգում հողի մեջ, բոլոր պարտությունների միջով ացնելով, դեռ ապրելու մեծ ցանկություն ունեն»,-իր զգացողությունները նկարագրեց հայ գրականությամբ հետաքրքրված կարդինալը: