Նիգերիայում «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորումը պատանդ վերցրած կանանց որպես «կենդանի վահան» է օգտագործում՝ կառավարական զորքերի և ոստիկանության միջև բախումների ընթացքում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Նյու Յորքի իրավապաշտպան Human rights watch կազմակերպության զեկույցը:

 

Փաստաթուղթը կազմվել է այն մարդկանց բազմաթիվ վկայությունների հիման վրա, ովքեր կարողացել են փախչել կրոնական ծայրահեղականների գերությունից, ովքեր իրենց «Նիգերիայի Թալիբ» են համարում և ձգտում են Նիգերիայի հյուսիսում իսլամական պետություն ստեղծել:

 

Զեկույցը հրապարակվել է «Բոկո Հարամ» զինյալների կողմից իրագործված նոր հանցանքի հենց հաջորդ օրը: Նախօրեին՝ Նիգերիայի հյուսիս-արևելքում նրանք գերի են վերցրել 30 դեռահասի: Ավելի վաղ' այս տարվա ապրիլին, նրանք առևանգել են ավելի քան 200 աղջկա, իսկ մեկ շաբաթ առաջ՝ մոտ 60 աղջկա:

 

Զեկույցում, մասնավորապես, բերվում են 19-ամյա մի աղջկա վկայությունները, ով անցյալ տարի առևանգվել էր գրոհայինների կողմից և ում ստիպել են մասնակցել իրենց ակցիաներին: Նրա խոսքով՝ պատանդներին հաճախ օգտագործում են որպես մահապարտների՝ ահաբեկչական հարձակումներ իրագործելու համար: