Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում այսօր սկսվել են 2015 թ. բյուջեի քննարկումները: Բնականաբար, ելույթով հանդես է եկել վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հաջորդ տարվա բյուջեն որակելով իրատեսական ու սոցիալական ուղղվածություն ունեցող, որովհետև ծախսերի կեսը բաժին են ընկնում սոցիալական, մշակութային ոլորտներին:

 

 

Արդյո՞ք, սակայն, իրատեսական է հաջորդ տարվա բյուջեն, որովհետև փորձը ցույց է տվել, որ վարչապետի շատ հայտարարություններ կարգախոսային արժեք ունեն և որևէ կերպ չեն աղերսվում իրականության հետ:

 

Տվյալ դեպքում, թվերն ինքնին խոսուն են:

 

Օրինակ, ի սկզբանե, 2014 ընթացիկ տարվա բյուջեով ամրագրվել է 5.2% տնտեսական աճ։ Այսինքն' կառավարությունը խոստացել է ոչ թե 4%, այլ 5.2%։ Հիմա նույն այս կառավարությունն ասում է, որ ձեռքբերում կհամարվի, եթե տարին փակենք 4%-ոց տնտեսական աճով: Իհարկե, Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամն այս «սեկվեստր» եղած թվին նույնպես, մեղմ ասած, չեն հավատում ու կանախատեսում են, լավագույն դեպքում, տնտեսության 2.7%-ի աճ: Այսինքն, ըստ ամենայնի, վարչապետի նշած «ձեռբերմանն» ականատես չենք լինի:

 

Կանխատեսման ու իրականության կոնտրաստը Հովիկ Աբրահամյանը բացատրում է Ռուսաստանի տնտեսության անմխիթար վիճակով ու ռուսական տնտեսությունից մերի ունեցած կախվածությամբ: Կարող է նման բան պատահել, սակայն դրա մասին անընդհատ խոսելու փոխարաեն հարկ է իրապես դիվերսիֆիկացնել Հայաստանի տնտեսությունը:

 

Սակայն, վերադառնանք հաջորդ տարվա բյուջեին, մանավանդ որ այն նախատեսված է մեր այնպիսի տնտեսության համար, որը դարձյալ ազդված է ռուսական գործոնից:

Ոչ մի բան չի հուշում, որ Ռուսաստանի տնտեսությունը մյուս տարի ակտիվանալու է: Հակառակը, բոլոր կանխատեսումները ցույց են տալիս, որ միջազգային պատժամիջոցները պահպանվելու են, նավթի համաշխարհային գների անկումը շարունակվելու է, ռուբլին արժեզրկվելու է:

 

Ռուսաստանի հեղինակավոր տնտեսագետներն ու միջազգային փորձագետներն այդ երկրի տնտեսության համար կանխատեսում են ստագնացիա, ինչը ենթադրում է, որ Հայաստանի եվրասիականացումը ոչ միայն զարգացման հեռանկար չի խոստանում մեր երկրին, այլ ի չիք է դարձնում նաև Հովիկ Աբրահամյանի կառավարության կանխատեսումը, որ հաջորդ տարի մեր տնտեսությունն աճելու է 4,1%-ով: Ոչ մի օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոն չեն հուշում, որ վարվող քաղաքականությունն ու մեր տնտեսության ռեսուրսները նման պոտենցիալ ունեն:

 

Մեկ այլ դրվագում ևս հաստատվում է այսօրվա կառավարության խոսքի ու գործի տարբերությունը:

«Մեր թիրախը խոշոր բիզնեսն է, և, եթե խոշոր բիզնեսին հաշվետվելի դարձնելու առանձին քայլեր ոմանք ընկալում են որպես փոքր և միջին ձեռնարկություններին ճնշելու փորձեր, ապա հայցում եմ ձեր համբերատարությունն ու աջակցությունը։ Վստահ եմ, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի: Փոքր բիզնեսը մենք դիտարկում ենք որպես զբաղվածության աղբյուր և ստեղծելու ենք պայմաններ դրա արտոնյալ աշխատանքի համար: Մեր թիրախը խոշորն է, և մենք այստեղ նվազեցնելու ենք ստվերը: Հետևողականորեն: Համբերատար կերպով: Հաստատակամ»,- խորհրդարանում ասել է Հովիկ Աբրահամյանը։

 

Գեղեցիկ է հնչում, անշուշտ: Ուղղակի իրականությունն է տխուր. ԱՎԾ-ի տվյալներով՝ մեկ տարում գերփոքր կամ մինչև 5 աշխատակից ունեցող խանութները Հայաստանում նվազել են ավելի քան 11 տոկոսով՝ կազմելով 11 հազար 597: Փոքր բիզնեսի այս անկումը զուգորդվել է խոշորի բարգավաճմամբ: Սուպերմարկետների կամ ավելի քան 31 աշխատակից ունեցող խանութների քանակն աճել է 6.8 տոկոսով՝ հասնելով 155-ի:

 

Սուպերմարկետները, պարզ է, պատկանում են խոշոր օլիգարխներին, պաշտոնյաներին կամ նրանց հեռ առնչվող շրջանակների, այսինքն՝ նրանց, ովքեր, իբրև թե, կառավարության թիրախն են:

Հենց այսպես էլ կառավարությունը զարգացնում է փոքր բիզնեսը… Բաժակաճառ հիշեցնող ելույթներով:

 

Սուրեն Սուրենյանց