Հայաստանում հանցավորության դինամիկան այս տարի նախորդ տարվա համեմատ 636 դեպքով աճել է: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Անուբախ Համբարյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հարցին:

 

«Ծանր հանցագործությունն երի թիվն աճել է 19.4 տոկոսով, առանձնապես ծանր հանցագործությունների թիվը՝ 13.2 տոկոսով, հրազենի գործածմամբ հանցագործությունների թիվը՝ 10 տոկոսով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Համբարյանը:

 

Նա ընդգծեց, որ այս տարվա ընթացքում ՀՀ ոստիկանությունը ծրագրերն ավելի շատ նախատեսել է հասարակական կարգի պահպանման, արտաքին ծառայության, ինչպես նաև տեխնիկայի ձեռքբերման ուղղություններով: «Այս ծրագրերի իրականացման համար մենք ավելի շատ գումարներ ենք ծախսել, քան նախորդ տարի»,- ընդգծեց Համբարյանը՝ նկատելով, որ ծրագրերի արդյունավետ իրականացումը թույլ կտա արդյունավետ կերպով պայքարել հանցավորության դեմ և կանխել հանցավորության աճը:

 

ՀՀ ոստիկանապետի տեղակալը վստահեցրեց, որ գալիք տարի էլ ոստիկանությունն ակտիվորեն շարունակելու է հանցավորության դեմ պայքարը: