Հայաստանի Հանրապետության պետական բյուջում փոփոխությունների մասին հնարավոր կլինի խոսել միայն այն ժամանակ, երբ Հայաստանը կդառնա Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ԵՏՄ անդամակցություն-ՀՀ բյուջե կապին: «Ես ձեզ վստահեցնում եմ, որ կառավարությունը կանխատեսումներ, ուսումնասիրություններ արել է, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ ԵՏՄ-ին անդամակցումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի վրա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հարությունյանը:

 

Հարցին՝ հնարավո՞ր է ԵՏՄ-ի անդամակցումը փաստի առաջ կանգնեցնի կառավարությանը 2015 թվականի բյուջեում նախատեսված ծախսերի հետ կապված, երբ պարզվի դրա վերաբերյալ հաշվարկներն ու կանխատեսումները ճիշտ չէին կատարվել, և բյուջեն վերաձևելու խնդիր կա, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «որևէ մեկը երբևէ երաշխավորված չէ 100 տոկոսով ցանկացած իրավիճակից: Այսինքն՝ այդ կանխատեսումները ոչ դուք, ոչ ես, ոչ որևէ մի տնտեսագետ 100 տոկոսով չի կարող անել։ Այնուամենայնիվ, տարիներ շարունակ մեզ հաջողվել է ապացուցել, որ բյուջեն ճիշտ ենք կարողանում կանխատեսել։ Վստահ ենք, որ այս տարին ևս բացառություն չի լինելու»:

 

Եվրասիական տնտեսական միությունը վերպետական-տնտեսական կառույց է, որի կազմում են ՌԴ-ն,Ղազախստանը, Բելառուսն ու Հայաստանը: Հայաստանը ԵՏՄ հիմնադիր կազմին միանալու համաձայնագիրը ստորագրեց հոկտեմբերի 10-ին Մինսկի գագաթնաժողովի ժամանակ: Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից: ԵՏՄ-ի կազմ ընդգրկվելու պահից հավաքագրված մաքսատուրքերի Հայաստանի մասնաբաժինը կկազմի 1,13%: