Սիրիական ընդդիմության զինյալները հատել են Թուրքիայի սահմանը և մտել Քոբանի՝ օգնելու քրդական պաշտպանական ուժերին' «Իսլամական պետության» դեմ պայքարում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, զինյալները Սիրիայի ազատ բանակի ներկայացուցիչներ են, որոնց թվի մասին ստույգ տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: Նախնական տեղեկություններով' նրանց թիվը մոտ 150 է: Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարությունը տեղեկացրել էր, որ կթույլատրի Սիրիայի ազատ բանակի 1300 զինծառայողների մտնել Քոբանի:

 

Տեղեկություններ կան, Իրաքյան Քրդստանի ուժերը Թուրքիայի սահմանից կուղևորվեն Քոբանի և այս գիշեր կմասնակցեն ԻՊ-ի դեմ պայքարին:

 

Քոբանիում ավելի քան 40 օր շարունակվող բախումների զոհ է դարձել ավելի քան 800 մարդ, որոնցից 481-ն ԻՊ-ի անդամներ են, 302-ը՝ քրդական ուժերի ներակայուցիչներ, իսկ 21-ը՝ խաղաղ քաղաքացիներ: Նշված վիճակագրական տվյալների մեջ չեն ներառվել օդային հարվածների հետևանքով գրանցված զոհերը: Քաղաքի և մերձակա գյուղերի մոտ 300 հազար բնակիչներ ստիպված հեռացել են իրենց տներից: Նրանցից մոտ 180 հազարը փախուստի է դիմել Թուրքիա: