Ռուսաստանը ՄԱԿ-ին խնդրել Է ազդել Կիեւի վրա եւ նրանից աջակցության հասնել Ուկրաինայի արեւելք ռուսական մարդասիրական օգնությունը տեղ հասցնելու գործում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է համաշխարհային կազմակերպությունում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: 

 

Նրա խոսքով՝ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովի համապատասխան նամակը հոկտեմբերի 29-ին հանձնվել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Վալերի Ամոսին: «Մենք Վալերի Ամոսին ենք հանձնել մեր արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարի նամակը, որում նա վերջինիս կոչ է անում ազդել Կիեւի իշխանությունների վրա, որպեսզի նրանք դադարեցնեն խափանարարությունը եւ օգնեն մարդասիրական օգնությունը տեղ հասցնելուն»,- ասել Է դիվանագետը:

 

Հոկտեմբերի 28-ին Ռուսաստանի ԱԻՆ-ը մարդասիրական օգնությամբ չորրորդ ավտոշասայունն Է ուղարկել Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի բնակիչների համար: Հոկտեմբերի 30-ի առավոտյան ավտոշարասյունը ժամանել Է Ռոստովի մարզ:

 

Հոկտեմբերի 28-ին համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում Ուկրաինայի ԱԳ նախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի փոխտնօրեն Յուրի Վիտրենկոն հայտարարել Է, թե Կիեւը Ռուսաստանի կողմից մարդասիրական օգնության հերթական ավտոշարասյան ուղարկումը կդիտի որպես «ՄԱԿ-ի Կանոնադրության խախտում»: