Միացյալ Նահնագները շարունակում է քաջալերել Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ կառուցողական քայլեր ձեռնարկելու գործում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Պսակին: «Կողմերը կարող են հենվել այն ազդակի վրա, որը ստացվել է այս տարի նախագահների երեք հանդիպումների արդյունքում, ձեռնարկել միջոցներ վստահության և համոզվածության կառուցման համար, ինչը, վստահաբար, կարող է լինել միայն երկխոսության միջոցով»,-իր խոսում նշել է Պսակին:

 

Նա հիշեցրել է Ուելսում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ' ընդգծելով, որ դրանք կարող են նպաստել բանակցային գործընթացին երկխոսության միջոցով ղարաբաղյան հակամարտության խաղաղ և ամուր կարգավորման համար:

 

Այս տարվա ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպել են երեք անգամ' օգոստոսի 10-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով, սեպտեմբերի 4-ին' Ուելսում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի նախաձեռնությամբ եւ հոկտեմբերի 27-ին Փարիզում' Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով: Երեք հանդիպումներում շեշտադրվեց ԼՂ հակամարտության խաղաղ բանակցային գործընթացի խաթարման անթույլատրելիությունը: Օլանդը կոչ արեց կողմերին աշխատել համապարփակ խաղաղ համաձայնագրի մշակման ուղղությամբ: