Հակառակ միջազգային հանրությունից Ադրբեջանին ուղղված բազմաթիվ բողոքներին և մարդու իրավունքները չոտնահարելու կոչերին' ադրբեջանական իշխանությունները շարունակում են հետապնդել և բանտարկել լրագրողներին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական Contact.az գործակալությունը, ձերբակալվել է ընդդիմադիր «Ազադլըգ» թերթի լրագրող և «Ադրբեջանական ժամ» առցանց հեռուստածրագրի աշխատակից Խալիդ Գարաևը:

 

Իր ֆեյսբուքյան էջում լրագրողը գրել է, որ իրեն տեղափոխում են ոստիկանական 4-րդ բաժանմունք, սակայն այնտեղից ավելի ուշ հայտնել են, որ իրենց մոտ նման մարդ չկա: Գարաևի գտնվելու վայրը դեռ հայտնի չէ:

 

Լրագրող Խադիջա Իսմայիլովան այս տեղեկության տարածումից հետո ֆեյսբուքում հիշեցրել է, որ երկու ամիս առաջ ձերբակալվել էր «Ադրբեջանական ժամ» ծրագրի գլխավոր վարողը, իսկ վարողներից մյուսը ստիպված էր եղել լքել երկիրը: