Համաշխարհային բանկի կողմից հրապարակված գործարարության պայմանների ընթացիկ տարվա համաթվում Հայաստանը չորս կետով առաջ է շարժվել և 49-րդ տեղից տեղափոխվել 45-րդ հորիզոնական: Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծեց , որ այս համաթվի մեկ բաղադրիչի գծով գրանցված է նշանակալի առաջընթաց՝ հարկերի վճարման բաղադրիչով Հայաստանը 73-րդ տեղից առաջ է շարժվել 41-րդ տեղ:

 

«Այստեղ իր դերակատարումն է ունեցել էլեկտրոնային վճարումների համակարգի գործարկումն ու տարածումը: Ուզում եմ, որ բոլոր նախարարները շարունակեն մոնիտորինգի ենթարկել իրենց ոլորտները և ոչ միայն ձեռնարկել միջոցառումներ՝ դրանք բարելավելու, այլ հանրությանը դա ներկայացնելու: Հարկ է նաև հանարությանը ներկայացնել ոչ միայն մեր գործարար միջավայրը, այլև մեր արտադրողին, օրինակ կարելի է բոլոր ընդունելությունների, միջոցառումների ժամանակ տեղական արտադրողին դրսևորվելու հնարավորություն տալ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ Հայաստանն ունի շատ որակյալ արտադրողներ և հարկ է նրանց հնարավորինս աջակցել:

 

Հայաստանը 45-րդ տեղն է զբաղեցրել Համաշխարհային բանկի եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Doing Business ավանդական վարկանիշում, որն արտացոլում է երկրում բիզնեսի վարման պայմանները: Վարկանիշը հրապարակվում է 12-րդ անգամ:

 

Հետազոտության հեղինակները 189 երկրներ դասակարգել ըստ ձեռնարկատիրական գործունեության կարգավորման 10 չափանիշների՝ նոր բիզնեսի ստեղծման համար ժամանակի եւ դրամական միջոցների ծախսերը, շինարարության համար թույլտվության ստացումը, էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքից օգտվելու հնարավորությու նը, սեփականության իրավունքների գրանցումը, վարկերի ստացումը, մինորիտար ներդրողների իրավունքների պաշտպանությունը, հարկերի վճարումը, միջազգային առեւտրի իրականացումը, պայմանագրերի կատարման ապահովումը, սնանկացման ընթացակարգերը: