Միջին Ասիայի երկրներ տարանցիկ փոխադրումների համար Թուրքիան որոշել է Իրանին փոխարինել Ադրբեջանով եւ բեռները փոխադրել Վրաստանով, Ադրբեջանով ու Կասպից ծովով:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, այս մասին թուրք լրագրողներին հայտարարել է Թուրքիայի միջազգային փոխադրումների միության նախագահ Ֆաթիհ Շեները' նշելով, որ մտադիր են այդ որոշումն իրագործել եկող տարվանից:

 

Նրա խոսքով' դրա հետ կապված Թուրքիան ադրբեջանական կողմի հետ բանակցություններ է անցկացրել եւ համաձայնություն ձեռք բերել: «Մենք թուրքալեզու պետություններ բեռնափոխադրումները կյանքի կկոչենք Ադրբեջանի վրայով: Անցյալ շաբաթ ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են անցկացվել: Բեռնափոխադրումների նոր գները իրանականից ավելի հարմար են», -ասել է նա: Շեների խոսքով' Կասպից ծովի միջոցով բեռնանավերով տարեկան հնարավոր կլինի 30 մլն տ բեռ փոխադրել:

 

Իրանական IRNA լրատվական գործակալությունն օրեր առաջ հաղորդել էր, որ Թուրքիան խախտել է տարանցիկ փոխադրումների վերաբերյալ երկու երկրների միջեւ ստորագրված համաձայնագրի պահանջը' մեծացնելով տարանցման հարկերը: Իրանի ճանապարհների եւ ավտոմոբիլային տրանսպորտի կազմակերպության տարանցիկ փոխադրումների եւ սահմանամերձ պահեստարանների վարչության տնօրեն Մոհամեդ Ջավադ Աթարչիանը, անդրադառնալով տարանցիկ հաղորդակցության ոլորտում ստեղծված թուրք-իրանական ճգնաժամին, մասնավորապես, նշել էր, որ եթե Թուրքիան շարունակի խախտել համաձայնագիրը, ապա իրանական կողմը կդադարեցնի իր տարածքում թուրք վարորդներին վառելիքի վաճառքի գործընթացը:

 

Իրանական կողմի որոշումը պաշտոնյան հիմնավորել է այն բանով, որ Թուրքիան իրանական բեռնատար ավտոմեքենաների համար յուրաքանչյուր 100 կմ-ի դիմաց 50 եվրո է պահանջում վճարել, բայց միաժամանակ չի թույլատրում, որպեսզի իրանական ավտոմեքենաները վառելիք գնեն իր տարածքում:

 

Թուրքական կողմի մեղքով Թուրքիայի եւ Իրանի միջեւ այդ ճգնաժամը ծագել է այն բանից հետո, երբ Թուրքիայի կառավարությունը երկու անգամ մեծացրել է բեռնատար ավտոմեքենաների համար 1994 թվականին երկկողմանի համաձայնությամբ հաստատված հարկի չափը' խախտելով երկկողմանի պայմանավորվածությունները: