Ներկայացնում ենք ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը Zham.am-ին.


-Դառնանք Ձեր ելույթին. որո՞նք էին դրա հիմնական ուղերձները, և ու՞մ էր այն ուղղված առաջին հերթին:


- Իհարկե, այն առաջին հերթին ուղղված էր Երևանի կենտրոնը հեղեղած՝ հանրահավաքի դուրս եկած իմ բազմահազար հայրենակիցներին, բոլոր նրանց, ովքեր կիսում են մեր տեսակետները, բայց առայժմ իրենց տներից և աշխատավայրերից էին հետևում հանրահավաքին, նրանց, ովքեր վերջին տարիներին ծանր պայմաններից դրդված՝ լքել են Հայաստանը, նրանց, ովքեր դեմ են այսօրվա իրականությանը, նրանց, ովքեր անտարբեր չեն մեր երկրի ապագայի հանդեպ: Եվ որպեսզի մենք կարողանանք ավելի համոզիչ լինել, քննադատելուց և իրավիճակը գնահատելուց բացի, պետք է հստակ ներկայացնենք, թե ինչ ենք առաջարկում և ինչ ենք անելու առաջիկայում: Մենք երկար ժամանակ չունենք սպասելու. Հայաստանի տնտեսական իրավիճակը շատ ծանր է, օրեցօր վատանում է ժողովրդի սոցիալական վիճակը: Պաշտոնական թվերով 32 տոկոս աղքատությունն իրականում ողբերգություն է: Մեզ անհրաժեշտ են արագ և խորքային լուծումներ: Ոչ ոք այլևս չի հավատում դատարկ խոստումներին և հավաստիացումներին: Եթե այս անորոշության և հետընթացի պրոցեսը շարունակվի, մեր երկիրը կդադարի տարածաշրջանում մրցունակ լինել: Կարծում եմ՝ կարիք չկա բացատրել սրա հետևանքները:


- Երբ Դուք ասում եք՝ մեզ անհրաժեշտ է նոր որակի իշխանություն և նոր քաղաքականություն, ի՞նչ է թաքնված այդ ձևակերպման տակ:


- Ես հարցը կբաժանեմ երկու մասի. զուտ քաղաքական առումով պետք է կոտրել քաղաքական մենաշնորհը, սա միանշանակ բերում է տապալումների և հետընթացի: Իսկ տնտեսական մասով պետք է գնալ այնպիսի քայլերի, որոնք շատ արագ կաշխուժացնեն տնտեսությունը և կփոխեն երկրում ընդհանուր մթնոլորտը: Ես շատ լավ պատկերացնում եմ այդ քայլերը, և հանգիստ կարող եմ թվել դրանք: Օրինակ՝ Հայաստանում փոքր բիզնեսը պետք է մի քանի տարով ազատվի բոլոր հարկերից: Իշխանության որևէ ներկայացուցիչ չպետք է իրավունք ունենա՝ մտնել սեփական քրտինքով տուն պահող մարդու հիմնարկ' նրանից որևէ բան պահանջելու: Հաջորդը՝ միջին բիզնեսի համար պետք է ստեղծվեն բացառիկ հնարավորություններ, որպեսզի այդ խավը կարճ ժամանակում կարողանա շտկել իր դրությունը, դուրս գա ճգնաժամից և գնա զարգացման ճանապարհով: Սա կնշանակի նոր աշխատատեղեր և տնտեսության աշխուժացում: Հայաստանում մեկընդմիշտ պետք է վերանա բռնի ուժով փայ մտնելու ավանդույթը: Ոչ ոք Հայաստանում այլևս չպե՛տք է կարողանա, օգտագործելով իր դիրքը, փայ մտնել այս կամ այն գործարարի բիզնեսում: Հայաստանում մենաշնորհներ չպե՛տք է լինեն: Եվ եթե նույնիսկ մեր երկիրը փոքր է, միևնույն է, բոլոր ապրանքատեսակները պետք է կարողանան ներկրել թե 10, թե 20 հոգի' այնքան, որքան շուկան թույլ կտա: Հայաստանի Հանրապետությունը նորից պետք է դառնա արդյունաբերական երկիր:


Յուրաքանչյուր մարզում պետք է ձևավորել առնվազն մեկ արդյունաբերական գոտի' համապատասխան հարկային և այլ արտոնություններով: Հայաստանը պետք է դառնա նաև ժամանակակից տեխնոլոգիաների երկիր: Ի վերջո, Հայաստանը պետք է դառնա վերջնական արտադրանքի թողարկման երկիր, այլ ոչ' ընդամենը հումք կամ կիսաֆաբրիկատ արտահանող: Հայաստանի տնտեսությանն այսօր օդ ու ջրի պես անհրաժեշտ են խոշոր օտարերկրյա ներդրումներ: Ինչո՞ւ չկան այդ ներդրումները: Որովհետև չկա վստահություն, չկան երաշխիքներ, չկան ծրագրեր: Ահա՛ թե ինչն ենք մենք ուզում փոխել: Սրանք քայլեր են, որոնք էապես կփոխեն բիզնես միջավայրը մեր երկրում: Ես և իմ գործընկերները սա՛ ենք առաջարկում հանրությանը, և համընդհանուր համախմբումը պատկերացնում ենք ոչ թե մեր անձերի, այլ՝ այս և մի շարք այլ կարևորագույն դրույթների շուրջ:


- Պարոն Ծառուկյան, նույնիսկ Ձեր ընդդիմախոսներից շատերն են ընդունում, որ այս շտաբերի ձևավորման գաղափարն իրոք գրագետ և ճիշտ հաշվարկված քայլ էր: Բայց լինենք անկեղծ. որոշ մարդիկ՝ տարբեր շրջանակներից, ասում են, որ Դուք չեք գնա մինչև վերջ, և կարող են լինել որոշակի պայմանավորվածություններ և Ձեզ կաշկանդող հանգամանքներ:


- Ես տեղյակ եմ, ես գիտեմ՝ ովքեր են այդ մարդիկ, և ո՛ր շրջանակների պատվերն են կատարում: Այս ձեռագիրը նորություն չէ: Բայց եկեք մի փոքր հետ նայենք: Ես դեռևս 2009-ին էի ասում, որ տնտեսական քաղաքականության մեջ կոպիտ սխալներ կան: 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո, հավաքելով մոտ կես միլիոն ձայն, Բարգավաճ Հայաստանը հրաժարվեց մաս կազմել իշխանական կոալիցիային: Դա իմ սկզբունքային և, վստահաբար կարող եմ ասել, ամենաճիշտ որոշումներից մեկն էր: Մեզ առաջարկվում էին բազմաթիվ պաշտոններ, բայց ոչ՝ սեփական ծրագրերով և մոտեցումներով երկրում իրավիճակ փոխելու հնարավորություն: Ես այն ժամանակ հայտարարեցի, որ իմ խնդիրը պաշտոնները չեն: Իմ խնդիրը պետությանը և ժողովրդին օգտակար լինելն է: Հոկտեմբերի 24-ի հանրահավաքում ես ասացի, որ ոմանք ինձ հարցնում են, թե՝ Ծառուկյան, քո՞ ինչին է պետք:


Իրոք, ինձ անձամբ ինչո՞ւ է պետք: Ինքնահաստատվելո՞ւ, փառքի՞, փող աշխատելու համա՞ր: Ի՞նչ մասնավոր խնդիր եմ ես լուծում: Ոչ մի՛: Բայց ես չեմ կարող լինել անտարբեր, երբ իմ աչքի առաջ Հայաստանը թուլանում է, ժողովուրդը հուսալքվում, օր օրի հազարավոր մարդկանց բարեկեցությունն ընկնում է, փոքր ու միջին բիզնեսը բառիս բուն իմաստով ոչնչանում է, և երկիրը կանգնում է անդառնալի կորուստների առաջ: Ես այդ մարդը չեմ: Այնպես որ այդ հեքիաթը վաղուց արդեն սպառվել է, թե՝ մինչև ո՞ւր կգնա Ծառուկյանը: Ես հետդարձի ճանապարհ չունեմ: Ես գնալու եմ այնքան, մինչև Հայաստանում իրավիճակը փոխվի: Մինչև մարդկանց խնդիրները սկսեն լուծվել, մինչև տնտեսությունը սկսի վերականգնվել, մինչև Հայաստանը նորից սկսի շնչել: Եվ ես ուրախ եմ, որ այս հարցում ունեմ քաղաքական գործընկերների և համախոհների հզոր բանակ և, ինչպես բոլորը տեսան, հսկայական համաժողովրդական աջակցություն: 



Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում