Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետ տեղադրելու հարցը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության բանակցությունների առարկա չի դարձել: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետ տեղադրելու մասին պահանջ չկա, և Եվրասիական տնտեսաան միությանը Հայաստանի անդա մացության պայմանագրում էլ չկա նման որևէ կետ, որ մենք պարտավոր ենք մաքսակետ դնել:

 

Թե որտեղ մենք մաքսակետ կդնենք, և սա վերաբերում է բոլոր անդամ պետություններին, մեր սուվերեն իրավունքն է: Իսկ ինչ վերաբերում է գործող մաքսակետերին, ապա դրանք դիտարկել են և' անդամ պետությունները, և' Եվրասիական հանձնաժողովը: Նրանք հայտարարել են, որ մենք պատրաստ ենք այդ մաքսակետերով իրկանացնել նախատեսվող գործառույթները: Որևէ այլ խնդիր կամ պահանջ այս ուղղությամբ գոյություն չունի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Քոչարյանը:

 

Լրագրողների հարցին, թե այդ դեպքում հոկտեմբերի 10-ին Մինսկում Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ինչ է նկատի ունեցել՝ հայտարարելով, որ Հայաստանը ԵՏՄ անդամակցության պայմանագիրը ստորագրում է որոշ փոխզիջումների գնալուց հետո, Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ որևէ փոխզիջման մասին խոսք գնալ չի կարող: «Փոխզիջում չի եղել:

 

Նազարբաևի կողմից հստակ բարձրացվել է այն հարցը, թե Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցում է Լեռնային Ղարաբաղի հետ միասին, թե' ոչ: Մենք վերահաստատել ենք մեր այն դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Հայաստանի տարածքի մաս չի հանդիսանում:

 

Մենք Լեռնային Ղարաբաղն ընկալում ենք որպես դե ֆակտո կայացած պետություն, որի հետ կառուցում ենք մեր հարաբերությունները՝ դե յուրե չճանաչելով անկախությունը՝ կապված հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի հետ:

 

Այնպես որ, կարող եմ ասել, որ մենք որևէ զիջման չենք գնացել, այլ ընդամենը վերահաստատել ենք մեր այն դիրքորոշումը, որը միշտ ունեցել ենք: Մենք հարգում ենք Լեռնանյին Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը և նրա կամարտահայտությունն այն մասին, որ Լեռնային Ղա րաբաղն անկախ պետություն է»,- ընդգծեց ԱԳ փոխնախարարը: