Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այն կարծիքին է, որ ռազմական հավասարակշռությունը միայն զենքով չի որոշվում' նկատի ունենալով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը:

 

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում փոխնախարարը, անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին, ընդգծեց, որ Հայաստանը նաև այդ դեպքում կարողանում է պահպանել ռազմական հավասարակշռությունը: «Ռուսաստանն իր զենքը վաճառում է ոչ միայն Ադրբեջանին, այլև տարբեր երկրների և տարբեր գներով: Այս հարցն, իհարկե, միշտ եղել է մեր ուշադրության կենտրոնում, բայց խնդրին պետք է նայել այլ տեսանկյունից:

 

Հարկավոր է նայել այն համատեքստում, թե ինչ գներով ենք մենք ստանում այդ զենքերը և ինչպես ենք կարողանում պահպանել հավասարակշռությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց փոխնախարարը:

 

Նա նկատեց՝ եթե միայն զենքով լիներ, Հայաստանը չէր ունենա այսօրվա հաջողությունը: «Եթե միայն դիտարկենք զենք-զինամթերքի տեսակետից, ապա այն ժամանակ զենքի առումով Ադրբեջանն անհամեմատ ավելի մեծ գերակայություն ուներ մեր նկատմամբ, քան այսօր, սակայն մենք գիտենք, թե ինչ ավարտ ունեցավ պատերազմը: Այնպես որ ռազմական հավասարակշռությունը միայն զենքով չի որոշվում:

 

Դա որոշվում է այն դիրքով, որը դու ունես, որոշվում է բանակի կազմակերպվածությամբ: Իսկ թե որքանով է կազմակերպված հայկական բանակը, ցույց տվեցին օգոստոսյան դեպքերը, երբ ադրբեջանական հ ատուկջոկատայինները ջարդ կերան մեր նորակոչիկների կողմից: Ահա սա ցույց տվեց մեր բանակի կազմակերպվածությունը»,- նշեց Քոչարյանը:

 

Շավարշ Քոչարյանը կարևորեց նաև դժվար պահերին հայ ազգի համախմբվելու կարողությունը՝ հիշեցնելով, որ օգոստոսյան հայտնի դեպքերի ժամանակ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը և հասարակական կազմակերպությունները հանդես եկան միասնական հայտարարություններով և միավորված էին մեկ գաղափարի շուրջ: