ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Եվրոպական Միության խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի' COEST-ի (Համագործակցություն Արևելյան Եվրոպայի երկրների հետ) պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են եղել Եվրոպական խորհրդի քարտուղարության, ԵՄ արտաքին գործերի ծառայության, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները և ԵՄ երկու տասնյակից ավել անդամ պետությունների դիվանագետները: Հանդիպման ընթացքում Կարեն Նազարյանի կողմից անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին, հարևան պետությունների հետ Հայաստանի հարաբերություններին, տարածաշրջանային վերջին զարգացումներին, տարբեր ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցության և 2015թ. Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հետ կապված հարցերին:

 

COEST-ի պատվիրակության համակարգող Պետերի Վուորիմյակին իր հերթին ընդգծել է, որ ԵՄ-ը պատրաստ է զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը' նկատելով, որ պատվիրակության անդամների տպավորիչ քանակը լավագույնս վկայում է Հայաստանի հանդեպ ԵՄ կողմից տածած հետաքրքրության մասին:

 

COEST-ը ԵՄ խորհրդի աշխատանքներին աջակցող մասնագիտացված աշխատանքային խմբերից մեկն է, որի գործունեության կենտրոնում են Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների Եվրոպական Միության հետ հարաբերությունների բոլոր ուղղությունները: Խմբի գործունեությունը ներառում է նաև ԵՄ հետ բազմ ակողմ համագործակցության մի շարք շրջանակներ, ինչպիսիք են, օրինակ, Արևելյան գործընկերությունը և նաև Եվրոպական հարևանության քաղաքանության ձևաչափը: Սա COEST-ի ներկայացուցիչների երկրորդ այցելությունն էր Հայաստան: Առաջին փաստահավաք այցելությունը Հայաստան տեղի է ունեցել 2004թ: