Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը դատապարտում է Գյումրիում շտապօգնության աշխատակիցների վրա հարձակման դեպքը, որը Գյումրում արդեն երկրոդն է: Եթե այս անգամ, բարեբախտաբար, զոհեր չեն գրանցվել, ապա առաջինի դեպքում ծեծի ենթարկված բժիշկը մահացել էր:

 

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ին: Ժամը 22:00-ի սահմաններում կտրող-ծակող գործիքից սրտի շրջանում ստացված վնասվածքներից Գյումրիում մահացել էր 1988 թվականին ծնված Արտյոմ Ա.-ն:

 

Ըստ նախնական տվյալների՝ դեպքը տեղի էր ունեցել խնջույքի ժամանակ, ալկոհոլի ազդեցության տակ: Դանակահարությունից հետո, կանչի հետքերով եկած շտապօգնության բուժաշխատողները, ենթարկվել են սպառնալիքների և ոչ միայն: Դեպքի վայր հասած բրիգադի անդամները ականատես են եղել, որ դեպքի վայրում եղել է դի՝ լվացված, մաքրված վիճակում: Ենթադրաբար տնակում՝ հայր, որդի, ընկեր և հարևան խումբը ալկոհոլի ազդեցության տակ վեճի բռնվելով միմյանց հետ՝ սպանել են Արտյոմ Ա.-ին, սակայն փորձելով թաքցնել սպանության հետքերը, մաքրել են արյունը, ջրով մաքրել տուժածին և այնուհետև զանգել շտապօգնություն: Միամիտ ձևանալով կամ չգիտակցելով իրավիճակի լրջությունը, հարձակվել են շտապօգնության մեքենայի վրա, պահանջել կարդիոբրիգադ կանչել, խփել են բուժքրոջը ու վարորդին: «Բուժաշխատողների վրա հարձակվել են առանց հիմքի:

 

Շտապօգնության մեքենան տեղ է հասել ժամանակին՝ կանչից 1 րոպե անց, երբ տուժածն արդեն իսկ մահացած է եղել: Այդ խուլիգանությունն ու մարդասպանությունը այլանդակ ընտանիքի այլանդակ բարքեր կարելի է համարել: Խփել-սպանել են երիտասարդին, հետո էլ հարձակվել բուժքրոջ, բժշկի ու վարորդի վրա: Ինձ հարցնում են՝ ի՞նչ վնասվածքներ ունեն բուժաշխատողները՝ ծանր հոգեկան տրավմա, որ ստացել են այդ այլանդակ ընտանիքի պատճառով: Ավելի լուրջ հետևանքերից բրիգադը կարողացել է ազատվել ոստիկանության շնորհիվ: Եթե ոստիկանությունն արագ չհասներ, կարող էին ավելի լուրջ հետևանքեր գրանցվել: Սա նորմալ մարդու վարքագիծ չէ, այլ խուլիգանական արարք: Ի դեպ, վնաս են հասցրել նաև շտապօգնության մեքենային, վնասը կազմում է մոտ 200-300 հազար դրամ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշեց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը' կոչ անելով իրավապահ մարմիններին խիստ գնահատական տալ այս երևույթին:

 

«Ես կարծում եմ, որ սա միայն իրավապահ մարմինների գործը չէ, այլ նաև Գյումրի քաղաքի հասարակության: Բժշկի գործը վաղուց է դարձել ռիսկային, շատ վատ բնութագիր է սա»,-ավելացրեց ոլորտի պատասխանատուն:



Արմենուհի Մխոյան