«Հղիներին տրվող գումարի մասին նախորդ կառավարության ժամանակ ԲՀԿ-ն ներկայացրեց առաջարկ, որ այդ նպաստը տրվի նաև չաշխատող մայրերին: Այդ ժամանակ մեր նախաձեռնությունը որակվեց պոպուլիզմ: Ես ուրախ եմ, որ այս կառավարության գնահատականները պոպուլիզմի վերաբերյալ փոփոխվել են, ես պաշտպանում եմ բոլոր այն կանանց, որ դուրս են եկել իրենց իրավունքները պաշտպանելու, բայց պետք է լինենք անկեղծ ու հասկանանք, որ այստեղ նաև լրջագույն խնդիր կա»,- այսօր Ազգային ժողովում՝ բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

 

Որպես օրինակ, Զոհրաբյանը բերեց Ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի կնոջը, ում այսօր անդրադարձել էր մամուլը: Նշենք, որ ՀՀ ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը ծննդաբերությունից անմիջապես հետո վերադարձել է աշխատանքի և որպես հղիության և ծննդաբերության նպաստ՝ ստացել 20 մլն դրամ:

 

«Շատերն իրենց չեն կարող թույլ տալ լինել Ֆինանսների նախկին նախարար ու իրենց կանանց դեկրետ ուղարկելուց տասնյակ միլիոնավոր դրամների գումար դուրս գրել, շատերն իրենց չեն կարող թույլ տալ լինել արտոնյալ ու գործարքների մեջ մտնել գործատուների հետ՝ վերջին մեկ տարում բարձր աշխատավարձի գնալու ու անտրամաբանական հոնորար ստանալու»,- ասաց Զոհրաբյանը և հետաքրքրվեց, թե ինչպես է լուծվելու այս խնդիրը:

 

Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի խոսքով՝ այս խնդիրն արդեն չորս-հինգ տարվա պատմություն ունի, ՕԵԿ-ի հետ էլ է դա քննարկվել: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ չաշխատող մայրերի հղիության և ծննդաբերության նպաստի հետ կապված որևէ փոփոխություն չի եղել մոտեցումների մեջ, խնդիրը մի քանի տարի շարունակ քննարկվել է, և բոլոր քաղաքական ուժերն այդ ուղղությամբ իրենց մտահոգությունը միշտ հայտնել են:

 

Նախարարը համաձայնեց պատգամավորի գնահատականներին, որ այսօր ռիսկերը կան, երբ մի քանի ամիս առաջ ընդունվում են աշխատանքի, ձևակերպում ու գումարներ են ստանում: Արտեմ Ասատրյանի խոսքով' այժմ քննարկվում են հանրության կողմից ստացված առաջարևկները, որը թույլ կտա, որ իրապես աշխատող կնոջ իրավունքները չոտնահարվեն ու լուծվեն բոլոր խնդիրները, որոնք իրենց ու հղի կանանց ևս մտահոգում են: