Այսօր մի շարք երկրներում նշում են Հելոուինը (Hallowen): 835թ. Արևմտյան եկեղեցին հաստատեց «Բոլոր սրբերի տոնի» հիշատակումը նոյեմբերի 1-ին կատարելու կարգը, ինչի համար հոկտեմբերի 31-ի՝ լույս նոյեմբերի 1-ի գիշերը սկսեց կոչվել «All Hallows Eve» (թարգմ.՝ բոլոր սրբերի նախօրե): Հետագայում արտահայտությունը բառափոխվեց և ստացավ Hallowen անվանումը: Այս տոնն իրեն հատուկ խորհրդանիշներով գրավել է նաև հայ երիտասարդությանը: Ոմանք ընդունում են տոնը, շատերն էլ կտրականապես դեմ են՝ այն օտարածին համարելով: Թերևս տարօրինակ, գուցե նաև ցավալի է, որ այս «տոնը ներխուժել է» կրթական հաստատություններ

 

Երևանյան մի քանի դպրոցներում երեխաներին պարտադրում են պատրաստվել Հելոուինին, դպրոց բերել հատուկ պարագաներ՝ դդումներ, դիմակներ՝ «տոնը» նշելու համար, իսկ «տոնին» չպատրաստվելու դեպքում Երևանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 հիմնական դպրոցի որոշ ուսուցիչները նույնիսկ սպառնում են ցածր գնահատականներով: Ի դեպ, երեխաներին պարտադրել են Հելոուինի համար գնումները կատարել դպրոցի շրջակա մի քանի խանութներից:

 

Ստորև ներկայացվող տեսանյութում Երևանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 հիմնական դպրոցն է, որտեղ աշակերտները դպրոց են շտապում դդումներով: 


Դպրոցում նշելո՞ւ են Հելոուինը, թե՝ ոչ՝ իրենց երեխաներին դպրոց բերող ծնողների մեծամասնությունը տեսախցիկի առջև հրաժարվել է պատասխանել: Ծնողներից ոմանք հաստատել են այդ տեղեկությունը, ոմանք էլ՝ հերքել, թե նշելու են, չնայած երեխաների ձեռքին եղած դդումներին և «հելոուինյան պարագաներին»:


Ի դեպ, դպրոցի մերձակա խանութների աշխատակիցներն էլ տվել են տարբեր պատասխաններ. ոմանք նշել են, որ Հելոուինի պարագաներ չեն վաճառել, ոմանք՝ թե դդումի լավ վաճառք է եղել, ոմանք էլ՝ թե աշակերտներն իրենց խանութում էլ են դդում «փնտրել», սակայն այն արդեն վերջացած է եղել: