Սիրիայի գլխավոր մուֆտի (մահմեդական գլխավոր հոգեւորական) Ահմադ Բադրադդին Հասսունը հայտարարել է, որ Թուրքիայի կառավարությունն օգնում եւ օժանդակում է «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորմանը:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսաստանյան ԶԼՄ-ները, Սիրիայի մուֆտին հայտարարել է Մոսկվայում կազմակերպված մամուլի ասուլիսում: Նա ասել է, որ ԻԼԻՊ-ը սերտ կապեր ունի Թուրքիայի կառավարության հետ:

 

Մուֆտին ասել է, որ իրենք ոչ մի տեղեկություն չունեն Սիրիայում անհետ կորած' Ռուսաստանի երկու քաղաքացիների մասին, եւ Կրեմլին խորհուրդ է տվել այդ հարցով դիմել Թուրքիայի հետախուզությանը: «Անհետ կորած ռուսաստանցիների վերաբերյալ տեղեկություն չունենք: Դրա համար պետք է դիմել թուրքական հետախուզությանը, քանի որ Թուրքիան սերտ կապեր ունի ԻԼԻՊ-ի հետ: Թուրքիայի հետախուզությունը նախապես տեղեկացվել էր ԻԼԻՊ-ի' եվրոպացի լրագրողներին մահապատժի ենթարկելու մասին: Սակայն դրա դիմաց Էրդողանը փրկեց իր քաղաքացիներին», -ասել է շեյխ Հասսունը:

 

Սիրիայի մուֆտին հայտարարել է, որ Թուրքիան օգնում է ոչ միայն ԻԼԻՊ-ին, այլ նաեւ Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող մյուս արմատական կրոնական խմբավորումներին: :