Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը մերժել է երկրում թմրանյութերն օրինականացնելու առաջարկները: Դրանք հնչել են ՆԳ նախարարության փորձագետների զեկույցի հրապարակումից հետո, որը կասկածի տակ է դրել հոգեմետ նյութերի առեւտրի դեմ պայքարում կիրառվող խիստ մոտեցումները:

 

Ինչպես հայտարարել Է Մեծ Բրիտանիայի կառավարության նախարար Նորման Բեյքերը, թմրամոլների նկատմամբ օրենքների խստացումը չի նվազեցնում թմրանյութերի օգտագործման մակարդակը, ինչը ապացուցում Է թմրանյութերի դեմ մղվող պայքարում մյուս երկրների փորձի ուսումնասիրությունը:

 

Նա ընդգծել Է, որ ժամանակն Է՝ դադարեցնել այդ թեմայով անիմաստ վեճերը եւ կենտրոնանալ բացառապես թմրակախվածություն ունեցող մարդկանց բուժվելու վրա:

 

Զեկույցում նաեւ նշվում Է, որ բրիտանացի մասնագետներն ուսումնասիրել են, մասնավորապես, այնպիսի երկրների փորձը, ինչպիսին Պորտուգալիան Է, որտեղ քրեական հետապնդում չի նախատեսվում ոչ մեծ քանակությամբ թմրանյութեր գործածելու համար: Այդ երկրում իրադրությունը լավացել Է, քանի որ թմրամոլներին բուժում են առաջարկում եւ չեն սպառնում քրեական հետապնդմամբ:

 

«Փաստերն ապացուցում են, որ այն, ինչ մենք անում ենք, արդյունք է տալիս: Ես չեմ հավատում թմրանյութերի ապաքրեականացմանը»,- հայտարարել է Քեմերոնը:

 

«Ես երեք երեխաների հայր եմ եւ չեմ ցանկանում այնպիսի տպավորություն ստեղծել, որ թմրանյութերի գործածումը նորմալ է եւ անվտանգ, որովհետեւ, անկեղծ ասած, դա այդպես չէ»,- նշել է բրիտանական կառավարության ղեկավարը:

 

Վարչապետի դիրքորոշմանն աջակցել է Լեյբորիստական կուսակցության «ստվերային կաբինետում» ներքին գործերի նախարար Դայանա Ջոնսոնը: Նա հանդես է եկել թմրանյութերի նկատմամբ խիստ մոտեցումը պահպանելու օգտին: Նրա կարծիքով՝ թմրամոլներին ցուցաբերվող բժշկական օգնության մասշտաբները կախված են միայն այդ նպատակով կատարվող ծախսերի չափից: «Մեծ Բրիտանիայում թմրամոլների 60 տոկոսը բուժում է անցնում՝ Նիդեռլանդների 12 տոկոսի եւ Շվեդիայի 25 տոկոսի համեմատությամբ»,- ասել է լեյբորիստ քաղաքական գործիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: