ՀՀ բնապահապանության նախարար Արամայիս Գրիգորյանը Սևանա լճից կատարվող ձկնագողությունը ցավոտ հարց է համարում: Ազգային ժողովում ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նախարարը, պատասխանելով ձկնագողության դեմ պայքարի վերաբերյալ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանի հարցին, նշեց, որ հարցը շատ ցավոտ է, քանի որ Սևանա լճի տարածաշրջանի յուրաքանչյուր բնակիչ լիճն իրենն է համարում:

 

«Ես կարծում եմ, որ առաջին հերթին բոլորը պետք է հասկանան, որ Սևանա լիճը մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի, և այն ամբողջ հանրապետությանն է, ոչ թե միայն տարածաշրջանի բնակչությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

 

Նա ընդգծեց, որ բնապահպանության նախարարությունը սեփական ուժերով չի կարող պայքարել ձկնագողության դեմ: «Մեր աշխատանքներն ավարտվում են ժամը 18:00-ին, և մեր աշխատակիցները, բնականաբար, դրանից հետո իրավունք չունեն գործունեություն ծավալել, իսկ գուք ինքներդ շատ լավ գիտեք, որ գողությունը հիմնականում կատարվում է գիշերային ժամերին, երբ քաղաքացիները, չխնայելով իրենց կյանքը, դուրս են գալիս ձկնագողության»,- պարզաբանեց նախարարը:

 

Արամայիս Գրիգորյանը ներկայացրեց այն քայլերը, որոնք իրականացնում է նախարարությունը ձկնագողության դեմ պայքարի համար: «Բնականաբար, սեզոնային թեժ իրավիճակներում ոստիկանության հետ համատեղ աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի կարողանանք հնարավորինս մեղմել գողությունը:

 

Երկրորդը՝ պիտի նաև մարզպետարանին խնդրենք, որպեսզի հարակից համայնքներում աշխատանքներ իրականացնեն՝ հասկացնելու համար, որ լիճը պետության սեփականությունն է, և լճին հարկավոր է հենց այդ տեսանկյունից նայել, ոչ թե թալան իրականացնել: Երրորդը՝ մենք ինքներս ենք մեղավոր, որովհետև երբ լինում ենք Սևանում, փորձում ենք անպայման ձուկ պատվիրել, ցանկանում ենք ձուկ վայելել, և դրա համար էլ ձկնագողության առաջարկ կա»,- ընդգծեց նախարարը:

 

Նա նկատեց, որ սա միայն բնապահպանության նախարարության և նախարարության աշխատակիցների խնդիրը չէ: «Սա մեծ խնդիր է, որի վերաբերյալ իր վերաբերմունքը ժողովուրդը պետք է փոխի: Այս հարցում կխնդրեի նաև ձեր օգնությունն ու աջակցությունը»,- եզրափակեց նախարարը' դիմելով պատգամավորներին: