«Mediamall.am» լրատվականը ներկայացնում է անցնող օրվա առավել ուշագրավ տեղեկատվությունը.


Մ-1 միջպետական ավտոճանապարհին «Երազ» մակնիշի մեքենա է այրվել

 

ՀՀ ԱԻՆ-ում հոկտեմբերի 31-ին' ժամը 00.16-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի 12-րդ կմ-ում այրվում է «Երազ» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.46-ին, մարվել՝ 00.58-ին:

Ամբողջությա մբ այրվել է Ե. Մ.-ին պատկանող չշահագործվող «ԵՐԱԶ» մակնիշի ավտոմեքենան:

 

***

 

Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրահանձնաժողովը ստորագրեցին գազի համաձայնագիրը

 

Ռուսաստանը, Ուկրաինան եւ Եվրահանձնաժողովը հոկտեմբերի լույս 31-ի գիշերը Բրյուսելում ստորագրել են գազի ձմեռային պլանին վերաբերող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որը նախատեսում է Ուկրաինային ռուսական վառելիքի մատակարարումների վերսկսում մինչեւ 2015 թվականի մարտի վերջը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

 

Ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Ուկրաինան 5,3 մլրդ դոլարի պարտքից մինչեւ տարեվերջ մարում է 3,5 միլիարդը եւ «Գազպրոմ»-ից լրացուցիչ ծավալով գազ է գնում կանխավճարման պայմանով:

 

Համաձայնագիրն ստորագրել են ՌԴ-ի եւ Ուկրաինայի էներգետիկայի նախարարներ Ալեքսանդր Նովակը եւ Յուրի Պրոդանը, ինչպես նաեւ Եվրահանձնաժողովի փոխնախագահ, էներգետիկայի պատասխանատու Գյունտեր Էթինգերը: Բացի այդ, «Գազպրոմ»-ը եւ «Նավթոգազ Ուկրաինի»-ն ստորագրել են պարտավորագրի լրացումը՝ ամրագրելով մինչեւ մարտի վերջն ընկած ժամանակաշրջանում ռուսական գազի մատակարարման պայմանները: Փաստաթուղթն ստորագրել են «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը եւ «Նավթոգազ»-ի ղեկավար Անդրեյ Կոբոլեւը:Շարունակությունն՝ այստեղ:

 

***

 

18-ամյա երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է վնասվածքներով

 

Հոկտեմբերի 27-ին, ժամը 17.25-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 18-ամյա մի տղայի ծեծի են ենթարկել:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.10-ին, անհայտ անձինք Մոլդովական փողոցի թիվ 70/1 շենքի դիմաց, վիճաբանության ժամանակ, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 1996 թ. ծնված Էրիկ Ե.-ի մարմնի տարբեր մասերին' պատճառելով վնասվածքներ: Տղան ժամը 18.00-ին «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:

 

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Էրիկ Ե.-ին վնասվածքը պատճառել է 1996 թ. ծնված Րաֆֆի Հ.-ն, որը հոկտեմբերի 29-ին ներկայացել է բաժին և տվել հաղորդում, որ նշված վիճաբանության ժամանակ Էրիկ Ե.-ն բռունցքով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին, իսկ հոկտեմբերի 28-ին, ժամը 12.00-ին, հիվանդանոցում ճանկռել է դեմքը և պատճառել վնասվածքներ:

 

***

 

Շտապօգնության աշխատակիցների վրա հարձակման դեպք' Գյումրիում

 

Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը դատապարտում է Գյումրիում շտապօգնության աշխատակիցների վրա հարձակման դեպքը, որը Գյումրում արդեն երկրոդն է: Եթե այս անգամ, բարեբախտաբար, զոհեր չեն գրանցվել, ապա առաջինի դեպքում ծեծի ենթարկված բժիշկը մահացել էր:

 

 

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ին: Ժամը 22:00-ի սահմաններում կտրող-ծակող գործիքից սրտի շրջանում ստացված վնասվածքներից Գյումրիում մահացել էր 1988 թվականին ծնված Արտյոմ Ա.-ն:

 

 

Ըստ նախնական տվյալների՝ դեպքը տեղի էր ունեցել խնջույքի ժամանակ, ալկոհոլի ազդեցության տակ: Դանակահարությունից հետո, կանչի հետքերով եկած շտապօգնության բուժաշխատողները, ենթարկվել են սպառնալիքների և ոչ միայն: Դեպքի վայր հասած բրիգադի անդամները ականատես են եղել, որ դեպքի վայրում եղել է դի՝ լվացված, մաքրված վիճակում: Ենթադրաբար տնակում՝ հայր, որդի, ընկեր և հարևան խումբը ալկոհոլի ազդեցության տակ վեճի բռնվելով միմյանց հետ՝ սպանել են Արտյոմ Ա.-ին, սակայն փորձելով թաքցնել սպանության հետքերը, մաքրել են արյունը, ջրով մաքրել տուժածին և այնուհետև զանգել շտապօգնություն:

 

 

Միամիտ ձևանալով կամ չգիտակցելով իրավիճակի լրջությունը, հարձակվել են շտապօգնության մեքենայի վրա, պահանջել կարդիոբրիգադ կանչել, խփել են բուժքրոջը ու վարորդին: «Բուժաշխատողների վրա հարձակվել են առանց հիմքի:

 

 

Շտապօգնության մեքենան տեղ է հասել ժամանակին՝ կանչից 1 րոպե անց, երբ տուժածն արդեն իսկ մահացած է եղել: Այդ խուլիգանությունն ու մարդասպանությունը այլանդակ ընտանիքի այլանդակ բարքեր կարելի է համարել: Խփել-սպանել են երիտասարդին, հետո էլ հարձակվել բուժքրոջ, բժշկի ու վարորդի վրա: Ինձ հարցնում են՝ ի՞նչ վնասվածքներ ունեն բուժաշխատողները՝ ծանր հոգեկան տրավմա, որ ստացել են այդ այլանդակ ընտանիքի պատճառով: Ավելի լուրջ հետևանքերից բրիգադը կարողացել է ազատվել ոստիկանության շնորհիվ: Եթե ոստիկանությունն արագ չհասներ, կարող էին ավելի լուրջ հետևանքեր գրանցվել:

 

 

Սա նորմալ մարդու վարքագիծ չէ, այլ խուլիգանական արարք: Ի դեպ, վնաս են հասցրել նաև շտապօգնության մեքենային, վնասը կազմում է մոտ 200-300 հազար դրամ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշեց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը' կոչ անելով իրավապահ մարմիններին խիստ գնահատական տալ այս երևույթին:

 

 

«Ես կարծում եմ, որ սա միայն իրավապահ մարմինների գործը չէ, այլ նաև Գյումրի քաղաքի հասարակության: Բժշկի գործը վաղուց է դարձել ռիսկային, շատ վատ բնութագիր է սա»,-ավելացրեց ոլորտի պատասխանատուն:



Արմենուհի Մխոյան





***




«Ռիժկովյան ապտակներ»՝ Երևանում



Նիկոլայ Ռիժկովն է Հայաստանում՝ սովետի վարչապետը, ներկայումս հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, հետն էլ՝ մեր ազգային հերոսներից մեկը:


Ես երբեք չեմ հասկացել՝ ինչի է այս մարդու կերպարն այսքան միֆական ընդունվում Հայաստանում, ո՞ր արժանիքի համար: Մենք զգացմունքային ազգ ենք ու, թերևս, չենք մոռանում այն պահը, երբ Ռիժկովն արտասվում էր՝ երկրաշարժի փլատակների վրա, սակայն անտեսում ենք կարևոր, շատ կարևոր մի հանգամանք, որ Գյումրիի, Վանաձորի, Սպիտակի շենքերն այդքան շուտ «խոնարհվեցին» հենց սովետական շրջանի «փայլուն» շինարարության պատճառով: Ու չեմ բացառում, որ Ռիժկովը, ԽՍՀՄ այլ պատասխանատուներ երկրաշարժի փլատակների վրա արդեն իսկ կանխատեսում էին իրենց խիստ «որակով» կայսրության վախճանը:

 

Ինչևէ, հիմա խոսքը 26 տարվա վաղեմության իրադարձությունների մասին չէ, որովհետև Ռիժկովն, արդեն ասացի, Երևանում է ու իր այսօրվա կարգավիճակով էլ շարունակում է «հիացնել» մեզ:

 

Նա Երևանում հայտարարել է՝ Ղրիմը հնուց ի վեր բուն ռուսական հող է, մինչդեռ Ղարաբաղի կարգավիճակը դեռ պետք է հստակեցվի, և եթե այն հայկական կլինի, ապա հարց չկա՝ Ղարաբաղը նույնպես կարող է դառնալ Եվրասիական միության անդամ: Ազգային ժողովում հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստն էր, և Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամ Ռիժկովը, ում 2008-ին շնորհվել է Հայաստանի բարձրագույն՝ «Ազգային հերոս» կոչումը, այսպես է արձագանքել հարցին, թե ինչո՞ւ Ղրիմը կարող է հայտնվել Եվրասիական միության կազմում, իսկ Լեռնային Ղարաբաղը՝ ոչ։ Շարունակությունն՝ այստեղ:



***



Ձեր չեղած գիտելիքները ցույց մի տվեք հանրությանը. Հակոբ Հակոբյանը' Միքայել Մելքումյանին




Ազգային ժողովում այսօր շարունակվեց 2015 թվականի բյուջեի քննարկումը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե որքան է կազմում այսօր գործազրկությունը:

 

«Իմ տեղեկություններով՝ գործազրկության մակարդակը 18.6% է, որը տարածաշրջանում ամենաբարձրն է»,- ասաց Մարուքյանը և հարցրեց, թե ինչ ծրագրեր են արվում, որ նվազեցվեն գործազրկության, աղքատության մակարդակը:

 

Պատգամավորի հարցին ի պատասխան, Արտեմ Ասատրյանը նշեց, որ գործազրկության մակարդակի ցուցանիշի հրապարակման հետ կապված ժամանակին եղել են պաշտոնական ու իրական գործազրկություն հասկացությունները, որոնք հիմա այլևս կիրառելի չեն, և հիմա այդ ցուցանիշներն ԱՎԾ-ի կողմից են հրապարակվում:

 

Նախարարը հավելեց, որ մի շարք ծրագրեր իրագործվում են այդ ուղղությամբ, ու այս ժամանակաշրջանում աշխատանքի է տեղավորվել 8155 մարդ: Նա նկատեց, որ նախարարությունը, կարևորելով գյուղացիական աջակցության ծրագիրը, այս տարի էլ է իրականացնում:

 

«Հիմա փորձում ենք մարզպետների հետ քննարկել, որ այս աջակցության ծրագիրը պետական մյուս աջակցության ծրագրերի՝ վառելիքի, սերմնացուի, արտոնությունների տրամադրման հետ կապված համադրելի լինեն, դրանք կոմպլեքսի մեջ դիտարկենք»,- ասաց Արտեմ Ասատրյանը:

 

ԲՀԿ պատգամավորին, սակայն, նախարարի պատասխանը չբավարարեց և նա նշեց, որ նախարարը գործազրկության մակարդակը հստակ չասաց. «Հաջորդը՝ գյուղատնտեսական աջակցության առումով ինչքան գումար եք տրամադրում մեր գյուղաբնակ մեկ քաղաքացուն»,-հարցրեց նա:

 

«Հիմա սոցապնախարարը ո՞նց կարող է պատասխանել, երբ այդ աջակցությունը գտնվում է մի այլ ոլորտում»,- Մելքումյանին ընդհատելով՝ ասաց Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

 

Մելքումյանը նշեց, որ նախարարը հասկացավ, թե ինչին էր վերաբերում իր հարցը:

«Ես խնդրում եմ՝ դուք այդպես շատ կուրծք ծեծելով բան չանեք այս առումով, հարցերը բխում են ներկայացված նյութից»,- ասաց Մելքումյանը, իսկ Հակոբյանն էլ արձագանքեց. «Խնդրում եմ՝ այստեղ ձեր չեղած գիտելիքները ցույց մի տվեք հանրությանը»:

 

«Դուք էլ ձերը, շատ բան մի արեք, պետք չէ այդպես ոգևորվել: Սոցապնախարարը կառավարության անդամ է, պետք է գնաճային ճնշումներից տեղյակ լինի, ինչպս մենք ու դուք»,- ասաց Մելքումյանը:



***



Թուրքիայում ավտոբուսի շրջվելու հետևանքով 12 մարդ է զոհվել



Թուրքիայի հարավարեւմտյան Սպարտայի նահանգում բանվորներ փոխադրող ավտոբուսի շրջվելու հետեւանքով 12 մարդ զոհվել, 8 մարդ էլ վիրավորվել է:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Միլիեթ» թերթը:

Ավտոբուսը շրջվել է վարորդի կողմից կառավարումը կորցնելու պատճառով: Բոլոր զոհվածներն ու վիրավորները Թուրքիայի քաղաքացիներ են:

 

***

 

Դպրոցներում երեխաներին պարտադրում են պատրաստվել Հելոուինին

 

Այսօր մի շարք երկրներում նշում են Հելոուինը (Hallowen): 835թ. Արևմտյան եկեղեցին հաստատեց «Բոլոր սրբերի տոնի» հիշատակումը նոյեմբերի 1-ին կատարելու կարգը, ինչի համար հոկտեմբերի 31-ի՝ լույս նոյեմբերի 1-ի գիշերը սկսեց կոչվել «All Hallows Eve» (թարգմ.՝ բոլոր սրբերի նախօրե): Հետագայում արտահայտությունը բառափոխվեց և ստացավ Hallowen անվանումը:

 

Այս տոնն իրեն հատուկ խորհրդանիշներով գրավել է նաև հայ երիտասարդությանը: Ոմանք ընդունում են տոնը, շատերն էլ կտրականապես դեմ են՝ այն օտարածին համարելով: Թերևս տարօրինակ, գուցե նաև ցավալի է, որ այս «տոնը ներխուժել է» կրթական հաստատություններ:

 

Երևանյան մի քանի դպրոցներում երեխաներին պարտադրում են պատրաստվել Հելոուինին, դպրոց բերել հատուկ պարագաներ՝ դդումներ, դիմակներ՝ «տոնը» նշելու համար, իսկ «տոնին» չպատրաստվելու դեպքում Երևանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 հիմնական դպրոցի որոշ ուսուցիչները նույնիսկ սպառնում են ցածր գնահատականներով: Ի դեպ, երեխաներին պարտադրել են Հելոուինի համար գնումները կատարել դպրոցի շրջակա մի քանի խանութներից:

 

Ստորև ներկայացվող տեսանյութում Երևանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 հիմնական դպրոցն է, որտեղ աշակերտները դպրոց են շտապում դդումներով:

Դպրոցում նշելո՞ւ են Հելոուինը, թե՝ ոչ՝ իրենց երեխաներին դպրոց բերող ծնողների մեծամասնությունը տեսախցիկի առջև հրաժարվել է պատասխանել: Ծնողներից ոմանք հաստատել են այդ տեղեկությունը, ոմանք էլ՝ հերքել, թե նշելու են, չնայած երեխաների ձեռքին եղած դդումներին և «հելոուինյան պարագաներին»:

 

Ի դեպ, դպրոցի մերձակա խանութների աշխատակիցներն էլ տվել են տարբեր պատասխաններ. ոմանք նշել են, որ Հելոուինի պարագաներ չեն վաճառել, ոմանք՝ թե դդումի լավ վաճառք է եղել, ոմանք էլ՝ թե աշակերտներն իրենց խանութում էլ են դդում «փնտրել», սակայն այն արդեն վերջացած է եղել:

 

***

 

ՃՇՀԱՀ-ը նոր ռեկտոր ունի

 

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հոգաբարձուների խորհրդի հոկտեմբերի 31-ի նիստում սահմանված կարգով' փակ գաղտնի քվեարկությամբ, միաձայն համալսարանի ռեկտոր է ընտրվել Շինարարների միության նախագահ, ՃՇՀԱՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Շաղաբեգի Գալստյանը:

 

Ինչպես տեղեկացնում են ՃՇՀԱՀ մամուլի ծառայությունից, շնորհավորելով նորընտիր ռեկտորին' Երևանի քաղաքապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը վստահեցրել է. «Մենք համալսարանի կողքին ենք և միշտ պատրաստ ենք աջակցել զարգացման ծրագրերին»:

 

Հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել է նաև համալսարանի զարգացման հայեցակարգը, որը հավանության է արժանացել: Առաջարկվել է հոգաբարձուների խորհրդի հաջորդ նիստին ներկայացնել համալսարանի ռազմավարական ծրագիրը առաջիկա 5 տարվա համար: «Իհարկե, վստահությունը պարտավորեցնող է, բայց միևնույն ժամանակ բարձր պրոֆեսիոնալ անձնակազմի դեպքում, ինչպիսին որ ունի մեր համալսարանը, կարելի է նախաձեռնել համարձակ ծրագրեր, խնդիրներ բարձրացնել և դրանք իրականացնել ու լուծել:

 

Ես էլ ձեզ հետ միասին կքայլեմ առաջ»,- ասել է նորընտիր ռեկտորը' շնորհակալություն հայտնելով ոչ միայն հոգաբարձուների խորհրդի անդամներից, այլև համալսարնի ողջ կոլեկտիվից' այս ընթացքում իրեն ցուցաբերած աջակցության և թիմային աշխատանքի համար: Գագիկ Գալստյանն ընդգծել է մինչ այս համալսարանի զարգացմանն ուղղված մեծածավալ աշխատանքները, ինչպես նաև տարիներ շարունակ ԿԳ նախարարության, Երևանի քաղաքապետարանի զգալի աջակցությունը համալսարանի կրթագիտական պրակտիկ աշխատանքներին:

 

Գագիկ Շաղաբեգի Գալստյան


Ծնվել է 1952 թվականի փետրվարի 8-ին, ք. Երևանում: 1980թ. ավարտել է Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Աարդյունաբերական և քաղաքացիական շինարարության բաժինը և ստացել ինժիներ շինարարի որակավորում: 1993թ.-ից «Հորիզոն 95» շինարարական ընկերության հիմնադիրն է: 2001թ.-ից «Արխմոնսրոյ շինարարական ընկերության հիմնադիրն է: 2005թ.-ից Հայաստանի շինարարների միության նախագահն է: 2009թ.-ից «Հորիզոն թրեյդ» շինարարական ընկերության հիմնադիրն է:

 

2012թ.-ին ստացել է տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 2014թ.-ին շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում' շինարարության մասնագիտությամբ: 2014թ.-ի մայիսից «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է: Հեղինակ է շուրջ 41 գիտական և 2 ուսումնամեթոդական աշխատանքների :

 

Գագիկ Գալստյանը համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր 2014թ. մարտի 24-ից հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: Նշված ժամանակահատվածում պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը բարձրացվել է 20%-ով, բարեկարգվել է համալսարանի պուրակը, ներդրվել է ոռոգման կաթիլային համակարգ, տեղադրվել են նստարաններ: Վերանորոգվել են համալսարանի միջանցքները, լսարանները և ՃՇՀԱՀ-ի Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցի մարզադահլիճը:

 

 

***

 

 Շարմազանովը վերջնագրերով խոսելը քաղաքականության լեզու չի համարում

 

Արտահերթ ընտրությունները պատվերով համերգ չեն, որ ամեն մեկը ցանկանա: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հարցին, թե եռյակն արտահերթ ընտրություններ է պահանջում:

 

«Եթե մենք առաջնորդվենք այդ տրամաբանությամբ, Հայաստանում մշտապես ընտրությունների փուլ կմտնենք, որովհետև միշտ էլ կգտնվեն քաղաքական ուժեր, հասարակության շերտեր, որոնք միշտ էլ դժգոհ կլինեն տիրող իրավիճակից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նա:

 

ՀՀԿ խոսնակը նաև նշեց, որ վերջնագրերով խոսելը քաղաքականության լեզուն չէ: «Ես արդեն մեկ անգամ անդրադարձել եմ եռյակի պահանջներին և ավելացնելու ոչինչ չունեմ: Միայն կարող եմ ասել, որ ուլտիմատումներով խոսելը քաղաքականության լեզուն չէ: Իսկ եթե նրանք բարեփոխումներ են ցանկանում, ապա մենք գնում ենք համակարգային բարեփոխումների ճանապարհով, որի լավագույն եղանակը սահմանադրական բարեփոխումներն են»,- նկատեց նա:

 

ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել են արտաքին քաղաքական հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել ՀՀ Նախագահի հանդիպումներին Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի և Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի հետ: Անդրադարձ է կատարվել նաև Հորդանանի Հաշիմյան Թագավորություն ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության այցին: Նիստի ընթացքում կադրային հարցեր չեն քննարկվել: