Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության և օրեր առաջ Փարիզում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Ֆրանսիայի նախագահի պաշտոնական կայքը, իր խոսքում Օլանդը նշել է, որ Էրդողանին հանդիպելուց առաջ կարևոր հանդիպում է կայացել Մինսկի խմբի ձևաչափով, որտեղ քննարկվել է ղարաբաղյան հիմնահարցը: Օլանդը Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը շատ ավելի արդյունավետ է որակում, քան այն գնահատվում է:

 

Այդ հանդիպման անցկացումը դրական քայլ է, և Ֆրանսիայի նախագահի համոզմամբ' հիմնախնդրի կարգավորման հիմքում դրված սկզբունքները հակամարտող կողմերի համար ընդունելի են, ինչը հնարավորություն կարող է տալ այս հարցում առաջխաղացում ունենալ: Օլանդը նշել է նաև, որ իրենք հաշվի են առնում այս հարցում Թուրքիայի ցուցաբերած ուշադրությունը:

 

Փարիզի Մարինյի պալատում հոկտեմբերի 27-ին ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցություններ էին տեղի ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել էր հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել կողմերի միջև շարունակելու բարձր մակարդակի բանակցությունները: