Երբ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մոտ թերություններ եմ տեսել, դրա մասին գրել եմ, գուցե նույնիսկ խիստ, սակայն երբեք չեմ արդարացրել այն գործելաոճը, որ կոնկրետ մարդու պետք է թիրախ դարձնել ու նրա վրա բարդել անգամ Քենեդու սպանությունը:

 

Քարոզչական դաշտում տիրող չարությունը հասել է այնտեղ, որ մի քանի օր քննարկվում էր՝ արդյո՞ք Սուրիկ Խաչատրյանի որդին Գորիսում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային մի պատահարի մասնակից է եղե՞լ, թե՞ ոչ: Անգամ այն բանից հետո, երբ իրավապահ մարմինները հերքում էին, որ Տիգրանը եղել է մեքենայի մեջ, շահարկումները չէին դադարում:

 

Գիտե՞ք՝ ինձ զարմացնում է, որ նույնիսկ այս փաստն էին ուզում օգտագործել Խաչատրյանի մարզպետ վերանշանակվելու կապակցությամբ ծավալված հակաքարոզչության մեջ: Եթե նույնիսկ ընդունենք, որ մարզպետի տղան եղել է մեքենայի մեջ, չէ՞ որ տեղի ունեցածը ոչ թե հանցագործություն էր, այլ սովորական մի պատահար, փորձանք, որը կարող է լինել յուրաքանչյուրիս հետ: Ներողություն եմ խնդրում, սակայն այնպիսի տպավորություն է, որ ոմանք նույնիսկ տխրել են, որ սովորական պատահարը մարդկային կորուստներով ու դժբախտությամբ չի ավարտվել:

 

Անընդհատ ասում են, որ մարզպետն իրավունք չունի կարգավորելու հացի ու դեղի գները, որոնք Սյունիքում անկում ապրեցին այն բանից հետո, երբ մարզ վերադարձավ Սուրիկ Խաչատրյանը: Հա, օրենքի տեսանկյունից դա այդպես է, բայց ո՞վ ասաց, թե Սյունիքի մարզպետը որոշում է ստորագրել հացի կամ դեղերի գներն իջեցնելու մասին: Իսկ ո՞վ է մարզպետին արգելել, որ օգտագործի իր անձնական հեղինակությունը, մարզի գործարարների մոտ իր վստահությունը ու փորձի իր մարդկային գործոնն օգտագործելով՝ փոքր-ինչ օգտակար լինել հացի խնդիր ունեցող սյունեցուն, դեղի գումար չունեցող իր հայրենակցին: Սուրիկ Խաչատրյանը դա էլ արել է՝ առանց օրենք խախտելու՝ իր հեղինակությունն օգտագործելով: Փոխանակ դրական այս նախաձեռնությունը խրախուսելու՝ քննադատում ենք: Օրինակ, ես շատ ուրախ կլինեի, որ մեր մյուս մարզպետներն էլ իրենց ղեկավարած վարչական տարածքներում հանդես գային նման նախաձեռնություններով:

 

Կամ էլ անընդհատ շահարկվում է, որ Սերժ Սարգսյանը վարձահատույց է լինում Խաչատրյանին՝ ընտրությունների ժամանակ իր համար քվե ապահովելու դիմաց:

 

Ժողովուրդ, իրականության դաշտ գանք: Բա եթե Սուրիկը ՀՀԿ տեղական կառույցի ղեկավարն է, ո՞ւմ համար պետք է աշխատեր՝ ընդդիմությա՞ն:

 

Գիտեմ, հիմա հակադարձելու են ու ասեն, որ ընտրություն է կեղծել: Բա լավ, որ ընտրություններ է կեղծել, էդ ո՞նց եղավ, որ Սյունիքի մարզկենտրոնում Րաֆֆի Հովհաննիսյանն ահռելի թվով քվեներ ստացավ: Եթե ընդդիմությունը պնդում է, որ ընտրությունները կեղծվել են, ապա նույնը կարվեր նաև Կապանում: Եթե ասում են, որ «Ժառանգության» ղեկավարը վստահության մեծ պաշար է ունեցել Կապանում, ապա պետք է ընդունեն, որ Սյունիքի մեծ մասում վստահության այդ ռեսուրսն ունեցել է մարզպետը:


Սյունիքից Սուրիկ Խաչատրյանի ավելի քան մեկամյա բացակայությունը հուշեց, որ Սյունիքի արդյունավետ կառավարումը մեծապես պայմանավորված է նրա անձով: Պատահական չէ, որ երևանյան որոշ փորձագետների ենթադրությունները, որ Սյունիքում «թեժացումներ» կլինեն՝ այդպես էլ մնացին այդ կայքերի կամ թերթերի տարածքներում…



Սուրեն Սուրենյանց