Սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական կոնսենսուս այդպես էլ ապահովել հնարավոր չի լինի Հայաստանում: Այս մասին հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նոյեմբերի 5-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան: «Սահմանադրական բարեփոխումնե րի հարցը հետաքրքիր թեմա է, որի մասին շատ երկար կարելի է խոսել: Ինչ վերաբերում է կոնսենսուսին, ապա պետք է ասեմ, որ այն հայկական իրականության մեջ չի էլ լինի: Եթե ընդդիմությունն այդ հարցով էլ համաձայնի իշխանությունների հետ, արդեն հասկանալի չի լինի, թե ընդհանրապես ինչի մասին են նրանք խոսում: Քանի որ այստեղ վստահության կամ անվստահության հարց է առաջանում քաղաքական համակարգի ներսում»,-ասաց քաղաքագետը:

 

Նրա խոսքով' այն ժամանակ, երբ Հանրապետականներն էին դեմ սահմանադրական փոփոխություններին, ներկայիս ընդդիմադիրները կողմ էին դրանց, իսկ այժմ հակառակն է: «Ընդդիմությունը դեմ է ոչ թե նրա համար, որ այդ բարեփոխումները լավը կամ վատն են, այլ որ դրանք իշխանության կողմից են առաջ քաշված: Եթե իշխանությունները վաղն ասեն, որ դեմ են այդ բարեփոխումներին, ընդդիմությունը կասի, որ պետք են այդպիսի փոփոխությունները»,-ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը' հավելելով, որ եթե իշխանությունները որոշել են իրականցնել բարեփոխումներ, ապա դա կանեն հանրաքվեի միջոցով, որի ռեսուրսներն ունեն:

 

Ալեքսանդր Իսկանդարյանը ներկայացրեց հարցման արդյունքներ, որոնք անցկացվել էին հայաստանյան հասարակության շրջանում, որով փորձ էր արվել պարզել քաղաքական ապարատի նկատմամբ վստահության մակարդակը: «Անցկացվել էր հարցում, թե որքանով են Հայաստանում վստահում քաղաքական ինստիտուտներին, այնտեղ կար խորհրդարանը, կառավարությունը, կուսակցությունները: Քաղաքական կուսակցություններին վստահում էր հարցվողների 10 տոկոսը, ավելի պակաս չի լինում: Քաղաքական կուսակցությունների հանդեպ վստահությունը շատ ցածր է, չնայած այն կարող է ավելի անկում ապրել, բայց սա կուսակցական համակարգի ճգնաժամ է»,-ավելացրեց քաղաքագետը:

 

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը ներկայում ՀՀ նախագահի սեղանին է, այն անցել է հանրային լայն քննարկումների փուլ, ապա նաև արժանացել Վենետիկի հանձնաժողովի հավանությանը: