ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակում է հերքել թուրքական Posta լրատվականի հրապարակած «հարցազրույցը» Շառլ Ազնավուրի հետ և այդ հանդիպման ժամանակ աշխարհահռչակ հայ շանսոնյեին «Ոսկե սոսի» մրցանակի հանձնման մասին լուրերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հայտնել է, որ Ազնավուրին իբրև մրցանակ տրված «Ոսկե սոսի»-ն իրականում հուշանվեր է:

 

«Ընդունելով, որ հարցազրույց չի եղել, Օզերմանը՝ որպես Ազնավուրի մայրիկի հարազատ քաղաքի խորհրդանիշ տրված հուշանվերը, մատուցում է որպես մրցանակ»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Տիգրան Բալայանը: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ազնավուրը որևէ թուրքական թերթի հարցազրույց չի տվել և մրցանակ չի ընդունել:

 

Թուրքական լրատվամիջոցի տարածած «հարցազրույցում» նշվում էր, թե իբր հայ շանսոնյեն հայտարարել է, որ «մայրը թուրք է»: Բացի այդ, հարցազրույցում արվել էին հստակ թուրքամետ շեշտադրումներ: Օրինակ, Շառլ Ազնավուրին վերագրել էին խոսքերն այն բանի վերաբերյալ, թե վերջինս սիրում է թուրքերին, լինելով Շվեյցարիայում և ՄԱԿ-ում ՀՀ դեսպանը վարում է անկախ քաղաքականություն և չի ենթարկվում հայաստանյան իշխանություններին: Բացի այդ, հաղորդվում էր, որ Ազնավուրին է շնորհվել «Ոսկե սոսի» մրցանակը:

 

Հետաքրքիր է, որ թուրք լրագրող Էրքան Օզերմանը նյութի ամենասկզբում նշել է, որ երկար տարիներ է ճանաչում է Ազնավուրին և նախորդ տարիներին մշտապես ցանկություն է հայտնել հարցազրույց անել շանսոնյեի հետ: Սակայն հարցազրույցը այդպես էլ չէր հաջողվել, ինչպես պատճառաբանում է Օզերմանը «տվյալ օրվա պայմանների, միջավայրի ճնշման կամ միգուցե և հայկական սփյուռքի արձագանքից անհանգստանալով»: Ի վերջո նա զանգահարել է Փարիզում Թուրքիայի դեսպան Հաքքը Աքիլին, ով ինչպես և լրագրողը Գալաթասարայի ուսումնարանի շրջանավարտ է, և հարցրել է նրա տրամադրվածությ ունը Շվեյցարիայում ՀՀ դեսպան և հայտնի երգիչ Շառլ Ազնավուրի հետ ճաշելու վերաբերյալ: Վերջինս դրական պատասխան էր տվել և կայացել էր հանդիպումը: «3 ժամ խոսելով ճաշեցինք»,- գրել էր Օզերմանը: