Դպրոցահասակ երեխաների հարյուրավոր մայրերի անունից շնորհավորանքի եւ շնորհակալական խոսքեր եմ կամենում ասել ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին եւ նրան աջակցած, սատարած բոլոր անձանց «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբների հիմնադրման եւ ռազմահայրենասիրական դաստիարակության ուղեցույցի լույս ընծայման կապակցությամբ: Սա, հիրավի, պատմական իրադարձություն է, որ դեռ սերունդներն են գնահատելու: Սա մեր նախնյաց երազանքների իրականացումն է, մի հզոր քայլ, որ միտված է ապագային, վաղվա հզոր, բարեկեցիկ Հայաստանի եւ ինքնիշխան, պաշտպանված Արցախի կայացմանը:

 

Միեւնույն ժամանակ տարակուսած ենք, որ կան հանրության մեջ անհայրենիք, անսկզբունք, անգաղափար մարդիկ, ազգային ինքնությունից զուրկ, կռտված մարդիկ, որ իրենց թույլ են տալիս դեմ արտահայտվել հայրենասիրական այս ձեռնարկին: Առավել եւս տարօրինակ է, որ նման այլադավերի հաչոցներին ձայնակցում է ազգային գործիչ, հոկտեմբերի 27-ի զոհերից Յուրա Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը: Ինչպե՞ս կարող է սույն տիկինը դեմ լինել դպրոցում պատանի տղաներին եւ աղջիկներին հավատք, ծնողաճանաչություն, հայրենաճանաչություն, հայրենասիրություն, պապերի եւ հայրերի արած գործերի գնահատում սովորեցնելուն: Պետականության եւ անկախության ճանաչումը եւ գնահատումը երեխայի համար շատ կարեւոր է: Այո, երեխաները պիտի լավ սովորեն, բազմակողմանի գիտելիքներ ունենան, որ լավ մարդ դառնան, երկրի համար լավ քաղաքացի դառնան: Լավ չսովորած երեխան չի կարող լավ մարդ, լավ քաղաքացի դառնալ: Բա ի՞նչ սովորեն երեխաները: Սա դեռ, եթե կուզեք, ուշացած քայլ է: Եթե վաղուց նման ծրագիր գործեր, եթե հայ դպրոցը երեխաներին հայեցի, երկրապահական դաստիարակություն հաղորդեր, հայրենասիրական գաղափարներով սներ, ապա չէին ծնվի նաիրիհունանյաններ, չէին լինի հայանուն թուրքեր, որ գլխատեին մեր քաղաքական ընտրանին, հիմա մեզ հետ կլինեին Սպարապետ Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը, Յուրա Բախշյանը, Արմենակ Արմենակյանը, Ռուբեն Միրոյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը, Լեոնարդ Պետրոսյանը հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերը:

 

Մի՞ թե կարող է ծնողը դեմ լինել, որ իր որդին մինչ բանակ զորակոչվելը արդեն զգացած լինի զենքի ծանրությունը, տիրապետի հայոց պատմությանը, կրակային, շարային պատրաստվածություն անցած լինի, լիարժեք պատրաստ լինի զորանոցային կյանքին: Մի՞ թե ծնողը կարող է դեմ լինել, որ իր զավակը, իր դուստրը ազգային արժեքների կրող լինեն, պիտանի մարդ դառնան իրենց ընտանիքների եւ հայրենիքի համար, Հայաստան պետության լիարժեք քաղաքացի լինեն:

 

Երիցս շնորհակալություն Երկրապահին, պաշտպանության նախարարությանը, կրթության եւ գիտության նախարարությանը այս հայրենասիրական ձեռնարկի համար: Թող Աստված նրանց երեխաներին, թոռներին պահպանի եւ քաջ առողջություն տա:
Մեր խորին շնորհակալությունները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որ մշտապես աջակցում եւ խրախուսում է նման ծրագրերը: Իսկ օտարների վարձած զավզակները չեն կարող արգելք հանդիսանալ ազգային, հայասիրական, պետական ծրագրերի կյանքի կոչվելուն:
Երկու պատանի երկրապահի ծնող,

 

 

«Պատանի երկրապահ» կառույցի փոխնախագահ, Կապիտան Արայիկ Հարությունյան