Երգիչ Շառլ Ազնավուրը «Posta» լրատվականին հարցազրույց չի տվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆրանսահայ լեգենդար երգիչը գրել է իր ֆեսյբուքյան պաշտոնական էջում:

 

«Ես «Posta» թերթին հարցազրույց չեմ տվել: Ես վիրավորված եմ այս նողկալի մեքենայությունից»,- իր էջում նշել է նա:

 

Թուրքական լրատվամիջոցի տարածած «հարցազրույցում» նշվում էր, թե իբր հայ շանսոնյեն հայտարարել է, որ «մայրը թուրք է»: Բացի այդ, «հարցազրույցում» արվել էին հստակ թուրքամետ շեշտադրումներ:

 

Օրինակ, Շառլ Ազնավուրին վերագրել էին խոսքերն այն բանի վերաբերյալ, թե վերջինս սիրում է թուրքերին, լինելով Շվեյցարիայում և ՄԱԿ-ում ՀՀ դեսպանը' վարում է անկախ քաղաքականություն և չի ենթարկվում հայաստանյան իշխանություններին: Բացի այդ, հաղորդվում էր, որ Ազնավուրին է շնորհվել «Ոսկե սոսի» մրցանակը:

 

Հետաքրքիր է, որ թուրք լրագրող Էրքան Օզերմանը նյութի ամենասկզբում նշել է, որ երկար տարիներ է ճանաչում է Ազնավուրին և նախորդ տարիներին մշտապես ցանկություն է հայտնել հարցազրույց վարել շանսոնյեի հետ: Սակայն հարցազրույցը այդպես էլ չէր հաջողվել, ինչպես պատճառաբանում է Օզերմանը «տվյալ օրվա պայմանների, միջավայրի ճնշման կամ միգուցե և հայկական սփյուռքի արձագանքից անհանգստանալով»:

 

Ի վերջո, նա զանգահարել է Փարիզում Թուրքիայի դեսպան Հաքքը Աքիլին, ով ինչպես և լրագրողը Գալաթասարայի ուսումնարանի շրջանավարտ է, և հարցրել է նրա տրամադրվածությունը Շվեյցարիայում ՀՀ դեսպան և հայտնի երգիչ Շառլ Ազնավուրի հետ ճաշելու վերաբերյալ: Վերջինս դրական պատասխան էր տվել և կայացել էր հանդիպումը: «3 ժամ, խոսելով, ճաշեցինք»,- գրել էր Օզերմանը: