Չնայած Սիրիայում շարունակվող պատերազմին՝ Հալեպի հայ համայնքը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացվող քայլերը: Սիրիայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ նոյեմբերի 6-ին Հալեպի Արամ Մանուկյանի անվան ժողովրդական տանը տրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ Հայ դատի կլոր սեղանի մեկնարկը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սիրիայի Հայ դատի հանձնախմբից, կլոր սեղանն ընդգրկել է Հայոց ցեղասպանության տարբեր կողմերն ուսումնասիրող 13 դասախոսություն-զեկույցներ: Առաջին զեկույցը կրել է «Հայոց ցեղասպանության քաղաքական հիմքերը» խորագիրը: Ներկա են եղել Բերիո Հայոց թեմի առաջնորի օգնական Տեր Վահան Ծայրագույն Վարդապետ Պերպերյանը, Հայ Ավետարանական Համայնքապետ Վերապատվելի Հարություն Սելիմյանը, Հայ Կաթողիկե համայնքապետ Պետրոս Արքեպիսկոպոս Միրիաթյանը, հայկական կազմակերպությունների և միությունների ներկայացուցիչներ, պատվավոր հյուրեր, երիտասարդական և ուսանողական միություների ներկայացուցիչներ:

 

Օրվա զեկուցողն է եղել բժիշկ Ներսես Սարգսյանը, ով ներկայացրել է Հայոց ցեղասպանության քաղաքական հիմքերը, և իր զեկույցը սկսելով հայոց պատմության վաղ ժամանակներից' հասել է մինչև 1915թ., երբ ծրագրվել և իրականացվել է Հայոց ցեղասպանությունը: Դասախոսությունից հետո տեղի է ունեցել կարծիքների փոխանակում: Ներկաներից ամենաշատ հարցադրումներով հանդես են եկել Հայոց ցեղասպանության օրերին հայկական իրականության և ներկայումս իրականացվող քարոզչական աշխատանքների վերաբերյալ: