Երկու ավտոմատ օդերեւութաբանական կայաններ շուտով կտեղադրվեն Վայոց ձորի և Տավուշի մարզերում, որոնք կչափեն գյուղատնտեսական տարածքների օդի և հողի խոնավությունն ու ջերմաստիճանները, ճառագայթման աստիճանը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նոյեմբերի 8-ին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: «Հինգ տարի անընդմեջ ավտոմատ կերպով չափումներ կատարող կայանները կտեղադրվեն ոչ թե հիդրոմետ ծառայության ցանցում, այլ հենց խոշոր գյուղատնտեսական տարածքներում, որպեսզի հնարավոր լինի առավել իրատեսական տեղեկատվություն ստանալ և այն համեմատել մեզ մոտ եղած տվյալների հետ: Այս փորձից հետո հնարավոր կլինի եզրակացություններ անել հետագայում իրականացվող հետազոտությունների վերաբերյալ», - ասաց Զարուհի Պետրոսյանը:

 

 

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետի խոսքերով' տվյալ սարքերը կլուծեն միկրոկլիմայական խնդիրներ: Եվ եթե իրենք եղանակային կանխատեսումները կատարում էին Վայոց ձորում 3 և Տավուշի մարզերում 4 կայանների տվյալների հիման վրա, ու դրանք տարածվում էին ամբողջ տարածքների վրա, ապա այս դեպքում միջանկյալ կետերում կունենան կետեր, որոնք ավելի ճշգրիտ կչափեն գյուղատնտեսական տարածքների մթնոլորտային տվյալները:

 

«Սարքերի տեղադրման համար մենք ընտրել ենք այնպիսի տարածքներ, որոնք տվյալ մարզերի և ընդհանրապես հանրապետության համար կարևորվում են գյուղատնտեսության իմաստով», - այս մասին տեղեկացրեց ՄԱԿ-ի ՄԱԶԾ Կլիմայի փոփոխությունների ծրագրի համակարգող Դիանա Հարութունյանը:

 

Բացի այս երկու կլիմայական ռիսկերի իմաստով կարևոր տեղանքներում ավտոմատ օդերեթաբանական կայաների տեղադրումից, Օքսֆամի աջակցության շնորհիվ մոտակա ժամանակ նախատեսվում է քսանհինգ կայանների սարքավորումների վերազինում: