Բաքվում վահաբիների (իսլամի սունի ծայրահեղական հոսանք, անվանվում է նաեւ սալաֆի) կողմից Իրաքի եւ Սիրիայի զավթած տարածքներում «Իսլամական խալիֆայություն» հռչակած եւ խաղաղ բնակչության զանգվածային կոտորածներով հայտնի «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման համար զինվորներ պատրաստող կենտրոն է հայտնաբերվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վստահելի աղբյուրներից musavat.com-ին հասած տեղեկություններով, սալաֆիները վարժանքներ են անցկացնում Բաքվի Քեշլա ավանում գտնվող Baku Paintball Center կենտրոնում գտնվող հրաձգարանում:
Նշվում է, որ այդ կենտրոնում ձեւավորվում են վահաբիների ԻԼԻՊ-ական ջոկատներ:
Տեղեկությունը ճշտելու համար կայքի թղթակիցն այցելել է հիշյալ կենտրոն: Չնայած կենտրոնի դուռը փակ է եղել, եւ նրա թակոցներին ոչ ոք չի արձագանքել, բանտի նմանվող' փշալարերով բարձր պատի հետեւից կրակոցների եւ մարդկանց ձայներ են լսվել: Շրջակայքի բնակիչների խոսքով' չնայած արդեն 6 ամիս է կենտրոնը փակ է, սակայն, ամեն օր այնտեղից կրակոցների ձայներ են լսվում: Թղթակցին զարմացրել է նաեւ այն, որ կենտրոնի շրջակայքում ոստիկանական ավտոմեքենաներ են եղել կայանված: Մեկ ժամ դիտարկում անցկացնելուց հետո թղթակիցը համոզվել է, որ կենտրոնի հրաձգարանը փակ չէ, եւ հանելուկ է մնում կենտրոնի դռների փակ լինելը:
Թերթը նշում է, որ Քեշլա ավանը Բաքվի ամենամեծ բնակելի զանգվածներից է, եւ այդտեղ նման վարժանքների անցկացումը չէր կարող վրիպել իրավապահների ուշադրությունից:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն օրերս հայտնել էին ԻԼԻՊ-ին միանալու համար Ադրբեջանից մոտ 50 ընտանիքների' տարբեր երթուղիներով Սիրիա մեկնելու մասին: Հայտնի է նաեւ, որ այս տարվա ընթացքում Իրաքում եւ Սիրիայում ԻԼԻՊ-ի շարքերում կռվող 150-ից ավելի ադրբեջանցի ջիհադականներ են ոչնչացվել, իսկ Սիրիայում պատերազմի սկզբից մինչեւ այժմ 300-ից ավելի ադրբեջանցի իսլամիստններ են զոհվել: