Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, հայկական երկու հանրապետությունների «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների շրջանակներում, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ այ սօր առավոտյան այցելել է առանձին մոտոհրաձգային բրիգադի մշտական տեղակայման վայր, արգելագոտում դիտել ցուցադրական պարապմունքները:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նախագահները ծաղիկներ են դրել Վազգեն Սարգսյանի հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել Արցախի և Հայաստանի ազգային հերոսի հիշատակին:

 

 

Սերժ Սարգսյանը եղել է նաև բանակային բնագծում, դիտել ստորաբաժանումների գործողությունները, ներկա գտնվել նոր զորանոցի ու զինավանի բացման արարողություններին, ապա խրախուսել ծառայության մեջ աչքի ընկած զինծառայողներին:

 

Աշխատանքային այցի ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում ներկա է գտնվել անգիոգրաֆիկ կենտրոնի բացմանը: Բժշկական այս կենտրոնում կատարվելու են սրտի և մնացած բոլոր օրգանների անոթների ստենտավորումները, ախտորոշվելու և բուժվելու են անոթային խնդիրներ ունեցողները: