Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն օմբուդսմենի գրասենյակում այսօր' նոյեմբերի 17-ին, ընդունել է մարտի 1-ի զոհերի հարազատներին և վերջիններիս ուղեկցող պատգամավոր Արամ Մանուկյանին:
Զոհերի հարազատները և Ազգային ժողովի պատգամավորն իրենց խորը մտահոգությունն ու դժգոհությունն են հայտնել մարտի 1-ի դեպքերի քննության գործում առաջընթացի բացակայությունից: Նրանք նշել են, որ վստահություն չունեն իրավական գործընթացի նկատմամբ: Զոհերի ծնողներն օմբուդսմենին առաջարկել են շարունակել խնդրի մասին բարձրաձայնել մարդու իրավունքների եվրոպացի հանձնակատարների հետ հանդիպումների ժամանակ:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը խնդրի վերաբերյալ մարտի 1-ի զոհերի ծնողներին է ներկայացրել մի քանի առաջարկ: Միաժամանակ պաշտպանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների և օրենսդրության շրջանակներում աջակցել գործի ընթացքին: