Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել խոցված ուղղաթիռի հարցն ու կազմակերպության' Երևանում, Բաքվում և Ստեփանակերտում գտնվող գրասենյակներն այդ հարցի առնչությամբ աշխատանք են իրականացնում:

 

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդ ակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ասաց, որ կառույցը դեռևս նոյեմբերի 13-ին ստացված պաշտոնական դիմումից հետո գործին ընթացք է տվել: «Կարմիր խաչն ըստ ընթացակարգի և իր գործառույթների շրջանակներում իրականացնում է աշխատանք, որպեսզի ապահովի երկխոսություն' Երևանի և Բաքվի միջև խոցված ուղղաթիռի աձնակազմի ճակատագրերի մասին տեղեկատվություն ստանալու առնչությամբ»,- ասաց Զառա Ամատունին:

 

 

«Արմենպրես»-ի հարցին, թե ինչն է պատճառը, որ ղարաբաղյան կողմը երկրորդ անգամ է պաշտոնական նամակով դիմում կազմակերպությանը, Ամատունին ասաց, որ անկախ հանգամանքից, թե կողմերը քանի անգամ կդիմեն, իրենք ըստ ընթացակարգի իրականացնում են իրենց աշխատանքը:

 

 

Անդրադառնալով Կարմիր խաչին ուղղված քննադատությանն ու ձևակերպումներին, որ կառույցը մատնված է անգործության, Ամատունին ասաց, որ աշխատանքն ու ձևաչափն այնպիսին է, որ իրենց գործունեության մանրամասները հասարակությանը չի ներկայացվում և թերևս դա է պատճառը, որ նման թյուր տեսակետ է կազմվել:

 

 

«Կարմիր խաչի Երևանի, Բաքվի և Ստեփանակերտի գրասենյակները շարունակում են աշխատել, որպեսզի խնդրի առնչությամբ կարողանան կողմերը գալ որևէ տեսակետի: Քննարկումները ընթացքի մեջ են, երկխոսությունը շարունակվում է»,- ասաց Զառա Ամատունին' հավելելով, որ ընթացակարգերն և բանակցությունների փուլերը չի կարող մանրամասնել: