Մինչեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը Հայաստանը պետք է փոխի իր մարտավարությունն ու ոչ միայն պահանջի ցեղասպանության միջազգային ճանաչում, այլեւ հստակ կերպով ներկայացնի հատուցման հարցը:
«Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արա Պապյանի գնահատմամբ, առաջին քայլը, որ պետք է կատարի Հայաստանի իշխանությունը հրաժարվի հայ-թուրքական արձանագրություններից եւ փաստաթուղթը ետ կանչի խորհրդարանից: «Հայաստանը որքան հնարավոր է շուտ պետք է ետ կանչի արձանգրությունները խորհրդարանից եւ դրանով կանգնեցնի հայ-թուրքական, այսպես կոչված, հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս քաղաքականության շնորհիվ Հայաստանը ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, այլեւ փոխհատուցման հարց կբարձրացնի»,-«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց Արա Պապյանը' հավելելով, որ քանի դեռ ուժի մեջ են հայ-թուրքական արձանագրությունները չի կարելի հատուցման լուրջ հայտ ներկայացնել:
«Եթե Արձանագրությունները մնան խորհրդարանում, ապա դա կլինի հաղթաթուղթ Թուրքիայի ձեռքին, որ մինչեւ ապրիլի 24-ը հարաբերությունների կարգավորման ինչ-որ քայլեր կկատարի' ցույց տալու, թե ընթանում է երկխոսություն, որը, սակայն, որեւէ արդյունքի չի հանգեցնի»,- ասաց Արա Պապյանը:
2009թ. հոկտեմբերի 10-ին Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարները Ցյուրիխում ստորագրեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նպաստող արձանագրությունները, որոնք հետագայում պետք է վավերացնեին երկու երկրների խորհրդարանները: Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան սկսեց նախապայմանների լեզվով խոսել' պահանջելով, որ Հայաստանը հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից եւ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ի նպաստ Ադրբեջանի զիջումների կատարի:
Այս կերպ Թուրքիան առկախեց երկու երկրների միջեւ հարաբ երությունների հաստատման նախաձեռնությունը, եւ ստորագրումից 5 տարի անց էլ փաստաթղթերը վավերացված չեն: Ս. թ. սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում ելույթ է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ անդրադարձել հայ-թուրքական հարաբերություններին եւ ԼՂ հակամարտությանը: Նախագահը հայտարարել է, որ Հայաստանը լրջորեն մտադրվել է հետ կանչել 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները խորհրդարանից. «Հայտնի է, որ պաշտոնական Երևանի նախաձեռնած Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմա ն գործընթացը հասավ մինչև Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրում:
Այդ արձանագրություններն արդեն տարիներ շարունակ դարակներում են' սպասելով Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը: Պաշտոնական Անկարան բացահայտ հռչակում է, որ կվավերացնի այդ արձանագրությունները միայն եթե Լեռնային Ղարաբաղը' Ազատ Արցախը, հայերը հանձնեն Ադրբեջանին: Հայաստանում և Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «Գրողի ծոցը վավերացնեք»: Ժողովրդական լեզվով արտահայտված այս բառերի մեջ մի ողջ ազգի դարավոր պայքարն է խտացած, որ ուրիշի հայրենիքի վրա առուծախ անողներին անառարկելիորեն բացատրում է' Հայրենիքը սուրբ է, և ձեր առուծախը հեռու տարեք մեզնից»: