ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը վերջերս հյուրընկալել է արտասահմանյան մասնագետների մի խմբի, որի կազմում են եղել Կայլ Պերսեֆիլդը, Բրայան Արմսթրոնգը և Կարլ Էբելինգը ԱՄՆ-ից (Ալբուքերքի սեյսմոլոգիական լաբորատորիա), Ֆոտիս Նալբադիսը Հունաստանից (Տվյալների հաղորդման կորպորացիա) և Ժակ Պրետորիուսը Ավստրիայից (CTBTO-Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման կազմակերպություն):
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մասնագետների միջազգային թիմը կատարել է Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում տեղակայված IRIS համակարգի արդեն 4-րդ սերնդի սեյսմիկ կայանի վերամոնտաժումը և տեխնիկական արդիականացումը:
Մինչ այդ, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետների կողմից IRIS սեյսմիկ կայանի տվիչների համար նախապես պատրաստվել էր նոր բետոնյա պատվանդան, որն ամբողջությամբ համապատասխանում է միջազգային այսօրվա չափանիշներին: Նոր պատվանդանի առկայությունը թույլ է տալիս էապես նվազեցնել սեյսմիկ աղմուկը և բարձրացնել գրանցումների որակը:
Գառնիի սեյսմիկ կայանը միակն է Հարավային Կովկասում: Այն ընդգրկված է միջազգային մոնիտորինգային ցանցում, ծառայում է սեյսմոլոգիական նպատակների համար և հանդիսանում տեխնիկական միջոց, որով Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է իր պարտավորությունները միջուկային փորձարկումների համապարփակ արգելման ծրագրի իրականացման շրջանակներում: