«Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում 2014 թվականի օգոստոս-հոկտեմբերին հիմնանորոգվել է Մ-6-Թեղուտ 3.7 կմ երկարությամբ ավտոճանապարհը, որը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում: Ճանապարհը սկսվում է միջպետական ավտոճանապարհի (Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման) 72-րդ կմ-ից և շարունակվում մինչև Թեղուտ համայնքի սկիզբը:

 

Մինչ հիմնանորոգումը ճանապարհի հողային պաստառը գտնվում էր անբավարար վիճակում: Ճանապարհային ծածկը գրունտային էր, կողային առուները բացակայում էին, տեղումների ժամանակ կողնակներից ջուրը չէր հեռացվում, որի պատճառով մակերեսային ջրերը հոսում էին ճանապարհի երթևեկելի մասով՝ ողողելով հողային պաստառը: Անմխիթար վիճակում էին արհեստական կառուցվածքները (ջրթող խողովակները և կամուրջները), որոնք կիսաքանդ էին, լցված և առանց գլխադիրների: Բացակայում էին նաև ճանապարհի երթևեկության կազմակերպման ու անվտանգության տարրերը:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի պատվերով «Արգիշտի-1» ՍՊ ընկերության կողմից հրատապ հիմնանորոգման ծրագրի շրջանակներում կատարվել են ճանապարհի 3.7 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներ: Իրականացվել են ճանապարհի հողային պաստառի և ջրահեռացման համակարգի վերականգնման, ճանապարհային կապիտալ պատվածքի՝ ասֆալտբետոնե ծածկի ներքին և վերին շերտերի կառուցման աշխատանքներ: Վերականգնվել են ջրահեռացման համակարգը, իջատեղերը, հիմնանորոգվել են գոյություն ունեցող կամուրջները: Անվտանգության նկատառումներից ելնելով' տեղադրվել են ճանապարհային նշաններ, ազդանշանային սյուներ և կատարվել գծանշում:

 

Հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են ՀՀ պետական բյուջեի 2014 թվականի միջոցների հաշվին: Աշխատանքների պայմանագրային արժեքը 522. 810. 014 ՀՀ դրամ է:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ձևավորված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի կազմում ընդգրկված են եղել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի, «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ի, ՀՀ Լոռու մարզպետարանի, ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության, կապալառու կազմակերպության, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների պատասխանատու աշխատակիցներ, շահագրգիռ համայնքների ղեկավարները։