Պաշտոնական այցով Շվեդիայում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 25-ին հանդիպում է ունեցել Ռիկսդագի նախագահ Ուրբան Ահլինի հետ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար' Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ հայ-շվեդական հարաբերու թյուններն առանձնանում են բաց և կառուցողական քաղաքական երկխոսությամբ և հարաբերություններն առավել ամրապնդելու պատրաստակամությամբ։

 

Զրույցի ընթացքում կարևորվել է երկու խորհրդարաններում բարեկամության խմբերի գործունեությունը: Այս համատեքստում նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ խորհրդարանական ձևաչափը կարևոր դեր է խաղում միջպետական համագործակցության զարգացման համար, և խորհրդանշական է համարել, որ իր գլխավորած պատվիրակության կազմում է Հայաստանի Ազգային ժողովի' Շվեդիայի հետ բարեկամության խմբի նախագահ Սամվել Ֆարմանյանը։

 

Ուրբան Ահլինն ու Էդվարդ Նալբանդանը կարևորել են միջազգային կազմակերպությունների և դրանց խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում համագործակցության սերտացումը։

 

Շվեդիայի խորհրդարանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում փոխհարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ։

 

Հանդիպմանն արծարծվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին առնչվող հարցեր։ Զրուցակիցները մտքեր են փոխանակեել նաև ուկրաինական ճգնաժամի և դրա հանգուցալուծման ուղիների, Միջին Արևելքում տեղի ունեցող զարգացումների, Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ընթացող բանակցային գործընթացի շուրջ։

 

Ռիկսդագում Հայաստանի արտգործնախարարի պատվին աշխատանքային ճաշ է կազմակերպվել, որին ներկա են եղել խորհրդարանի փոխնախագահ Էսաբել Դինգիզյանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քենեթ Ֆորսլունդը և տարբեր կուսակցություններ ներկայացնող հանձնաժողովի անդամներ, որոնց հետ մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների, մի շարք տարածաշրջանային խնդիրների շուրջ։

 

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է խորհրդարանական դիվանագիտությունը' որպես երկրների և ժողովուրդների միջև համագործակցության գործուն ձևաչափ:

 

Պատգամավորների հետ հանդիպմանը նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը: