Երբ Սյունիքում ձյուն է գալիս, անշուշտ, Սուրիկ Խաչատրյանն է մեղավոր: Նույն տրամաբանությամբ նա մեղավոր է, երբ օրը մի քիչ ուշ է բացվում, կամ արևը շուտ է մայր մտնում:
Որոշ լրատվամիջոցներ մոտավորապես նույն կատեգորիաներով ու ժանրով շարունակում են քննադատել մարզպետին: Այդ լրատվամիջոցները երևի չեն էլ գիտակցում, որ ակամա լեգենդ են ձևավորում Խաչատրյանի անձի շուրջ, ամենակարողության միֆ:
«Գորիս» բժշկական կենտրոնի տնօրեն Սլավիկ Ամիրյանը ծանր վիրահատություն է տարել, հետվիրահատական ապաքինման կարիք ունի՝ առնվազն վեց ամսով:
Սակայն այս փաստը քիչ է հուզում որոշ քաղաքացիների:
«Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, վերանշանակվելուց հետո կադրային ջարդ է սկսել «Գորիս» բժշկական կենտրոնում… Սուրիկ Խաչատրյանի ուշադրության կենտրոնում են հայտնվել հատկապես հիվանդանոցի տնօրեն Սլավիկ Ամիրյանն ու իր ազգականները»,- գրում է կայքերից մեկը:
Իսկ իրականում Սլավիկ Ամիրյանը վիրահատվել է ու հիմա էլ հիվանդանոցում ապաքինվում է ու պարզապես աշխատավայրից բացակայելով՝ չէր կարող դառնալ մարզպետի հարձակումների ու ճնշումների թիրախ: Երկրորդը՝ Սլավիկ Ամիրյանը Հանրապետությունում ճանաչված անձնավորություն է, եղել է պատգամավոր ու այն մարդկանցից չէ, ովքեր «կոտրվում» են, ըստ այդմ՝այս լուրի հեղինակները, առաջին հերթին, հարվածում են հենց Սլավիկի արժանապատվությանը: Հա, ի դեպ, Ամիրյանը մտադրություն ունեցել է սեփական ցանկությամբ թողնել տնօրենի պաշտոնը՝ առողջության պատճառով, ու հենց Սուրիկ Խաչատրյանն է հետաձգել նրա այդ որոշումը: Բժիշկն այդ մասին բաց ու հրապարակավ է արտահայտվել: «Սուրիկ Խաչատրյանին տեղյակ եմ պահել իմ առողջական վիճակի մասին: Նա էլ ինձ առողջություն է ցանկացել, ասել' գնա, բուժումդ շարունակիր: Այլ' պաշտոնական խոսակցություն մենք չենք ունեցել»,- ասել է նա:
Սուրիկ Խաչատրյանը հասնում է նույնիսկ օտարին, էլ ուր մնաց նեղացնի հիվանդ մարդու: Սա բնութագրական է Սյունիքի մարզպետին, սակայն շատերը, չարությամբ լցված մարդիկ չեն ուզում համակերպվել այս իրողության հետ:
Սուրեն Սուրենյանց