Իշխանությունները երբեք ոչ իշխանական ուժերի հետ քննարկուներ ծավալելուց չեն խուսափել և պատրաստ են նրանց հետ երկխոսության: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

 

«Մենք որևէ քննարկումից երբեք չենք խուսափել: Ցանկանում են քն նարկել իրենց ներկայացրած 12 կետերի 10-րդ կետը, որը վերաբերում է ընտրական օրենսգրքում բարեփոխումներ կատարելուն. խնդրեմ, թող գան քննարկենք»,- նշեց Վահրամ Բաղդասարյանը՝ հիշեցնելով, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նույնպես արդեն հայտարարել է, որ իրենք պատրաստ են քննարկել նաև 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու հարցը:

 

Միևնույն ժամանակ, ՀՀԿ խմբակցության ղեկավարը նկատեց, որ ոչ իշխանական ուժերը ոչ թե հարցերը բարձրացնում են դրանց շուրջ քննարկումներ սկսելու, այլ նրա համար, որ իշխանությունները մերժեն այդ հարցերը: «Սակայն, մենք չենք մերժում, ասում ենք եկեք նստենք քննարկենք»,- նշեց Բաղդասարյանը:

 

Հարցին, թե քաղաքական մեծամասնությունը պատրաստ է քննարկել 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու հարցը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ քննարկման համար դռները միշտ բաց են: Նա նաև ընդգծեց, որ ոչ իշխանական ուժերի ներկայացրած նախագիծը, որը վերաբերում է ընտրական օրենսգրքում բարեփոխումներ կատարելուն, համապատասխան ընթացակարգով պետք է քննարկման փուլ անցնի, ինչն էլ առիթ կլինի հարցը քննարկելու համար:

 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 26-ին ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ կառավարությունը պատրաստ է ոչ իշխանական ուժերի հետ 12 կետերի վերաբերյալ քննարկումներ սկսել՝ սկսելով հենց 10-րդ կետից, որը վերաբերում է 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելուն: