ՀՀ կառավարության շենքում (Կառավարության տուն 3) նոյեմբերի 28-ին անցկացվել է «Խոշոր հրդեհի առաջացման դեպքում աշխատակիցների պաշտպանության միջոցառումների իրականացում» թեմայով ուսումնավարժանք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ըստ ուսումնավարժանքի պլանի, հրդեհ է բռնկվել շենքի երրորդ հարկում. անհրաժեշտ է կազմակերպել շենքում գտնվող նախարարությունների և այլ ծառայությունների աշխատակիցների տարահանումն ու հրդեհաշիջումը: Վարժանքը ղեկավարել է ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: Հրդեհի բռնկման մասին ահազանգ ստանալուց հետո դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարները, ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող ջոկատն ու կինոլոգիական խումբը, որոնք անմիջապես սկսել են հրդեհաշիջման, տուժածների որոնման և տարահանման աշխատանքները:

 

ԱԻ նախարարության ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնի պարամեդիկների խումբը տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելուց հետո, իրավիճակի վերահսկողությունը հանձնել է շտապօգնության ծառայության աշխատակիցներին: Շտապօգնության մեքենաների' արագ և առանց արգելքների դեպքի վայր հասնելը ոստիկանության վերահսկողության տակ էր:

 

Ավտոսանդուղքի միջոցով հրդեհաշիջման աշխատանքների իրականացումից, հրդեհի մեկուսացումից, մարման և նախարարությունների, գերատեսչությունների աշխատակիցների տարահանման միջոցառումներից հետո հրշեջ-փրկարարաները կատարել են նաև ինքնափրկաման գործողություններ:

 

Ուսումնավարժանքի ընթացքին հետևել է նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը: Նա բարձր է գնահատել լայնամասշտաբ ուսումնավարժության ամբողջ գործընթացը' հավելելով, որ նման միջոցառումները հնարավորություն են տալիս ավելի հմտանալ և բացահայտել խնդիրներն ու բացթողումները: