Իշխանական ճամբարում բացի քաղաքական տարաձայնություններից վաղուց ընթանում է ևս մեկ ներքին պայքար: Խոսքս տեսակի կռվի մասին է, թե որ տեսակը պետք է գերիշխի՝ կի՞րթ, գրագե՞տ, ինտիլիգե՞նտ, թե՞ «քյարթու», «կիսագողական», կիսաքրեական կամ կիսաօլիգարխ: Առաջին տեսակի ներկայացուցիչն էր և ի շահ առաջին տեսակի էր աշխատում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով, սակայն, չկարողացավ հաղթականած դուրս գալ ներքին պայքարում: Հովիկ Աբրահամյանը՝ որպես երկրորդ տեսակի երկրպագու, զբաղեցնելով վարչապետի աթոռը՝ միանգամից սկսեց հնարավորինս ազատվել Տիգրան Սարգսյանի կադրերից: Ավելին, նորընծա վարչապետի քայլերը կարծես ունեին հատկապես օլիգարխներին և իշխանության կիսաքրեական տարրերին հաճոյանալու նպատակ: Օրինակ, նրա առաջին քայլերից էլ շքեղության հարկի վերացումը, ինչն արդեն հասկանալի է, թե ում է ձեռնտու:

 

Թվում էր, թե Հովիկ Աբրահամյանն անխափան կշարունակի իշխանության ամբողջապես քրեականացման գործընթացը, բայց պարզվում է, որ Սերժ Սարգսյանին այդ տարբերակն էլ այդքան ձեռնտու չէ, և Վաչե Գաբրիելյանին նորաստեղծ նախարարության նախարար և երկրի փոխվարչապետ նշանակելը դրա վառ ապացույցը եղավ:

 

Պատկերացնո՞ւմ եք հիմա Հովիկ Աբրահամյանի վիճակը. այդքան պայքարեց Տիգրան Սարգսյանի դեմ, ի վերջո կատարվեց իր երազանքը՝ Տիգրան Սարգսյանը հեռացավ, և Աբրահամյանը զբաղեցրեց նրա աթոռը, իրականացրեց կադրային ջարդ, և այսօր փոխվարչապետի տեղում տեսնում է Տիգրան Սարգսյանի կադրին, ընդ որում՝ նույն կիրթ տեսակի ներկայացուցչին: Ընդդիմանալ էլ չի կարող, քանի որ նշանակողը Սերժ Սարգսյանն է: Ստիպված պետք է հանդուրժի, դիմանա: Այդ ամենն, իհարկե, կուղեկցվի ջղաձգումներով, և վարչապետի ջղայնությունը պարբերաբար կարտահայտվի տարբեր իրադրություններում, չնայած որ տարբեր առիթներով արդեն հասցրել ենք այդ ջղայնության ականատեսը լինել:

 

Ջղայնությունն արտահայտելուն զուգահեռ վարչապետն այսօր մտահոգության առիթներ ունի. նա պետք է նաև հասկանա, թե ինչն է սխալ արել, որ նախագահն այսպիսի քայլ է անում, իր առջև դրված ո՞ր խնդիրը չի կատարել: Չէ՞ որ նա չկարողացավ իր կողմից միգուցե ակնկալվող հեղինակությունը վայելել նաև ընդդիմադիր ճամբարի կողմից, իսկ Գալուստ Սահակյանի որդու հետ տեղի ունեցած միջադեպից հետո էլ, երբ խորհրդարանում ՀՀԿ-ականների ջանքերով տապալվեց կառավարության նախագիծը, կարծում եմ, հասկացավ, որ նույնիսկ ՀՀԿ-ականների համար ինքն ամենասիրելի կերպարը չէ: Ակնհայտորեն, վարչապետը չի արդարացրել իրենից եղած սպասելիքները: Եվ դա հասկանալի է՝ չէ՞ որ վարչապետություն անելը լոլիկ աճեցնել չէ:


Արամ Հակոբյան