ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ընթացիկ տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատավարությունը:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' դատական հերթական նիստում, որպես իրեղեն ապացույց ներկայացվել են այն իրերը, որոնք ձերբակալության ժամանակ հայտնաբերվել են դիվերսանտների մոտ։ Մասնավորապես, ներկայացվել է զենք-զինամթերք՝ ինքնաձիգներ, նռնակներ, կրակված պարկուճներ, սպանված Սմբատ Ցականյանի սպորտային հագուստը, 87 հազար դրամ գումարն ու հեռախոսաքարտերը, որոնք նրա գրպանից վերցրել էին դիվերսանտները։

 

Ներկայացվել են նաև հանցագործ խմբավորման գողացած՝ տուժող Վրեժ Բ ալայանին պատկանող զինվորական գրքույկը, անձնագիրն ու բաճկոնը, որոնք ձերբակալման պահին հայտնաբերվել են ամբաստանյալ Ասկերովի մոտ։

 

Դատական նիստում հրապարակվել է փորձագետի եզրակացության արձանագրությունը, որի համաձայն՝ Սմբատ Ցականյանի սպանության գործիք և իրեղեն ապացույց հանդիսացող ներկայացված բոլոր պարկուճներն արձակվել են նույն ինքնաձիգից, որը կրել է ամբաստանյալ Դիլհամ Ասկերովը։ Դատախազ Կարեն Գաբրիելյանի հայտարարության համաձայն՝ նշված հանգամանքը հաստատվել է նաև դատաձգաբանական փորձաքննությամբ։

 

Ամբաստանյալներ Շ. Գուլիևն ու Դ. Ասկերովը հաստատեցին, որ իրեղեն ապացույց հանդիսացող զենքերն ու մյուս իրերն իրենցն են եղել, ինչպես նաև տարբերակեցին, թե ով որ ինքնաձիգն է կրել:

 

Գուլիևը վերահաստատեց նաև նախորդ դատական նիստերի ընթացքում տված իր այն ցուցմունքը, ըստ որի, կրակոցներ լսելով' շրջվել ու տեսել է, որ Ասկերովի ինքնաձիգի փողն ուղղված է եղել սպանված պատանու ուղղությամբ։

 

Ամբաստանյալը տեսականորեն ներկայացրել է սպանության դեպքի հետ կապված մանրամասները, մասնավորապես, տվյալ պահին խմբի անդամների դիրքերը: Սակայն, այս առումով դատավորի և դատախազի հարցերին մյուս ամբաստանյալի՝ Ասկերովի պատասխանները հստակ չեն եղել: